«Ապրիլի 24-ին Դարդանելի տոնակատարության մասնակցելը, իհարկե’, մեր շահերից չի բխում, քանի որ Հայաստանի համար կարեւոր է Հայաստանում նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուպյանի հայտարարությանը, թե Դարդանելի տոնակատարությանը մասնակցելը բխում է Հայաստանի շահերից, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա կարծիքով` նույնիսկ, եթե տոնակատարությունը նշանակված լիներ մեկ այլ օր, նրան մասնակցելը սխալ կլիներ. «Ակնհայտ է, որ դա Թուրքիայի ժխտողական քաղաքականության շարունակությունն է` նոր ձեւերով Գալիպոլիի ճակատամարտի հոբելյան նշելը, այնպես որ պարզ է` դա անընդունելի է: Հստակորեն պետք է բացասական վերաբերմունք դրսեւորվի Հայաստանի կողմից»:
Բորիս Նավասարդյանը համարում է, որ երկրների հարաբերությունները պետք է հիմնված լինեն արժանապատվության վրա, սակայն այս պարագայում, ըստ նրա, այդ հանգամանքը չկա. «Եթե որեւէ կողմ չի դրսեւորում ազգային արժանապատվություն, ապա այդ հարաբերությունները չեն կարող լինել կայուն հիմքի վրա: Եվ քանի որ այս դեպքում արժանապատվության հարցն ակնհայտորեն առկա է, Հայաստանը չի կարող դա դիտարկել որպես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև