Հայաստանում մարդու իրավունքների 2014թ. վիճակը «Human Rights Watch» իրավապաշտպանական կազմակերպության ամենամյա զեկույցում բացասական է գնահատված:
Մասնավորապես ասվում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոչընդոտել խաղաղ ցույցերի անցկացմանը, կալանավորների նկատմամբ խոշտանգումները և բացասական վերաբերմունքը շարունակում է խնդիր մնալ, դատաքննություններն անարդյունավետ են իրականացվում, նույնիսկ, երբ բաց են, շարունակվում են լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները:
Զեկույցում նշված է, որ թեև Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայություն ստեղծելը գովասանքի է արժանացել, սակայն բանակի խախտումները շարունակվում են: Լուրջ խնդիր է նաև սեռական կողմնորոշման հետ կապված բռնություններն ու խտրականությունները:
«Կառավարությունը անբուժելի հիվանդների համար պետք է վերացնի ցավազրկող դեղեր ձեռք բերելու անհարկի սահմանափակումները», – ասված է զեկույցում:
Կարդացեք նաև
Կազմակերպությունն անդրադարձել է նաև Շանթ Հարությունյանի գործին: Վկայակոչելով Հայաստանի իրավապաշտպաններին՝ ասվում է, որ Հարությունյանին և նրա 13 կողմնակիցներին քաղաքական շարժառիթներով են դատապարտել:
Հղում անելով իրավապաշտպան խմբերին՝ ուսումնասիրությունում ասվում է, որ 2014թ. առաջին կեսին Երևանում անցկացված խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանությունը առնվազն 70 մարդու է բերման ենթարկել, իսկ մետրոյի 3 աշխատակիցներ բողոքել են, որ իրենց աշխատանքից հեռացրել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար:
«Իրավապաշտպանները նշում են, որ Հայաստանում կալանավորներին շարունակում են խոշտանգումների ենթարկել՝ խոստովանություն կորզելու նպատակով», – ասված է զեկույցում՝ ընդգծելով, որ նման դեպքերի առնչությամբ իշխանությունները ոչ միշտ են պատշաճ հետաքննություն իրականցում:
Խոսքի ազատության մասով ասվում է, որ լրատվամիջոցների բազմակարծությունը շարունակում է սահմանափակ մնալ:
«Human Rights Watch»-ը անդրադարձել է նաև «Իրավունք» թերթի պատմությանը ևս, երբ թերթը 60 հոգուց բաղկացած «սև ցուցակ» էր հրապարակել, որոնց մեղադրում էր միասեռականների իրավունքները պաշտպանելու մեջ և կոչ անում անհանդուրժող լինել նրանց նկատմամբ: 16 քաղաքացիներ միասնական հայցով դատի էին տվել «Իրավունք»-ին՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, սակայն դատարանը չէր բավարարել հայցը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
ՑԱՒԱԶՐԿԵԼ թէ՞ ՑԱՒԱԶԵՐԾԵԼ: Այս է խնդիրը 🙂
Վերոնշեալ դէպքը հայերէնում տարածուած սխալներից է: Բանն այն է, որ այս սխալը պաշտօնապէս եւ ոչ պաշտօնապէս կիրառւում է համատարած:
Ընդհանրապէս մարդը ԶՐԿՒՈՒՄ Է ԼԱՒ բանից, իսկ ահա ՎԱՏ բանից ԶԵՐԾ են մնում:
ԼԱՒ ԲԱՆԵՐ ԵՆ՝ ձայնը, խօսի ազատութիւնը (որից ունենք՝ ՁԱՅՆԱԶՈՒՐԿ բառը), ազատութիւնը (որից ունենք՝ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ բայը), Հայրենիքը (որից ունենք՝ ՀԱՅՐԵՆԱԶՈՒՐԿ բառը), պատիւը (ՊԱՏՈՒԱԶՈՒՐԿ), կամքը (ԿԱՄԱԶՈՒՐԿ), գործը (ԳՈՐԾԱԶՈՒՐԿ):
ՎԱՏ ԲԱՆԵՐ ԵՆ՝ ականը (ԱԿԱՆԱԶԵՐԾԵԼ), վնասը (ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ), վարակը (ՎԱՐԱԿԱԶԵՐԾԵԼ), ցաւը (ՑԱՒԱԶԵՐԾԵԼ):
Եթէ գրում ենք «ցաւաԶՐԿԵԼ», ստացւում է՝ ցաւը լաւ բան է, ուշքներս գնում է դրա համար ու մեր կամքին հակառակ մեզ զրկում են էդ հաճոյքից 🙂