Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակի տոն Գյումրիում` առանց տոնական տրամադրության ու ռուս բարձրաստիճան զինվորականների. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 29,2015 17:53

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակը: Առաջին իսկ պահից նկատելի էր, որ մասնակիցները չափից ավելի անտրամադիր են, տոնը սկսվեց Ավետիսյանների սպանդի ենթարկված ընտանիքի անդամների հիշատակը հարգելով:

Ի տարբերություն անցած տարիների, երբ մեր բանակի տոնին պարտադիր ներկա էին գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը, բարձրաստիճան սպաները, հետաքրքիր ելույթներ էին ունենում, այս տարի նրանից և ոչ մեկը չէր եկել, անգամ Գյումրիում ՌԴ հյուպատոսը ներկա չէր: Սա չվրիպեց մասնակիցների աչքից:

Այս տարվա տոնը բնականաբար առանց համերգային ծրագրի էր, և ելույթ ունեցողների միակ մաղթանքը խաղաղությունն էր:

Gyumri_Banaki_or Gyumri_Balasanyan Gyumri_Banaki_or-3

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով բոլորին` զինվորից մինչև գեներալ, ասաց. « Ժողովուրդը բանակից առանձին չէ, բանակը մեր ժողովուրդն է, բանակը ամեն ինչն է, ես ուզում եմ, որ իսկապես խաղաղություն լինի, ոչ մեկս չենք ուզում, որ որևէ մեկ զոհ ունենանք նույնիսկ: Աստված թող խաղաղություն տա, մեր երկրում, մեր սահմաններում թող խաղաղություն լինի: Ինչպես ասաց պաշտպանության նախարարը` մենք ոչ մեկի հողը գրավելու մտադրություն չունենք, մենք պաշտպանում ենք մեզ, մեզ պաշտպանելը մեր ժողովրդի սուրբ գործն է դարձել»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ խաղաղություն ցանկանալով` ասաց. «Սիրելի զինծառայողներ, դուք եք մեր պետության պաշտպանը, նրա ապագայի կերտողը, և ձեր շնորհիվ է, որ մեր քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները չկոտրեցին գյումրեցու կամքը, ուժեղ ոգին, օգնեցին բացառիկ համախմբվածություն ու ողջամտություն դրսևորելու:Վստահեցնում եմ ձեզ, միասին անելու ենք ամեն ինչ քաղաքի անդորրը ու անվտանգությունն ապահովելու, և Գյումրին ավելի բարեկարգ սերունդներին հանձնելու համար»:

Այս իրադարձության ավարտից հետո Aravot.am-ը արցախյան պատերազմի մասնակից, Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի նախկին նախագահ, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանից հետաքրքվեց, թե պատերազմը վերսկսվել է: Աշոտ Զաքարյանն ասաց, որ պատերազմը չի դադարել, մենք ունենք զինադադարի ռեժիմ, որը ցանկացած պահի կարող է վերածվել թե լոկալ, և թե լայնածավալ մարտական գործողությունների: « Քանի դեռ չկա վերջնական խաղաղության պայմանագիր, ցավոք սրտի մենք երկուստեք ունենալու ենք զոհեր», -ասաց մեր զրուցակիցը: Իսկ թե ի՞նչ պիտի անենք, որ զոհեր քիչ ունենաք,տեխնիկապե՞ս պիտի հզորանանք, Աշոտ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ բանակը կենդանի օրգանիզմ է, անընդհատ աճելու տեղ ունի, իսկ մեր բանակը ի վիճակի է համարժեք հակահարված տալու մեր պետությանն ու անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի:

Մանրամասները` տեսանյութում  


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031