Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ մտնելով, արտահանողների վրա մեծ տարիֆներ դրվեցին»

Հունվար 29,2015 16:53

Ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 34%-ով, իսկ Հայաստանում դրամն արժեզրկվել է տարվա կտրվածքով 17%-ով, եւ եթե միջազգային շուկայում այս փոփոխությունները կապված էին նավթի կտրուկ գնանկմամբ, ապա Հայաստանում ավելի շատ խուճապային վարքագծի հետեւանք էր: Այսօր «Մեդիա կենտրոնում» նման կարծիք հայտնեց

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Նրա ներկայացմամբ, ավելի մտահոգիչ է ռուբլու անկումը, ինչի արդյունքում Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցները, որոնք ռուբլով են վարձատրվում, ապա գալիս են Հայաստանում ծախսելու, նրանց եկամուտները 34%-ով նվազել են:

Տնտեսագետի դիտարկմամբ` ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի ավելի մեծ ինֆլյացիան, մեր մրցակցային դիրքը Ռուսաստանի հանդեպ կտրուկ նվազեցրեց. «Եվրասիական տնտեսական միություն մտնելով մենք միանգամից, կարելի է ասել արտահանման վրա մեծ տարիֆներ դրեցինք: Արդեն մեր արտադրողների համար կտրուկ սահմանափակում եղավ այս փոխարժեքների փոփոխության արդյունքում, եւ հակառակը` ռուսական արտադրողների համար հայկական շուկան դարձավ ավելի մատչելի: Ռուսական կաթը հանգիստ կարող է իջեցնել իր գինը Հայաստանում, իսկ հայկականն արդեն մրցակցության խնդիր է ունենում»:

Քննարկման մեկ այլ մասնակից` «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ հետեւյալ հարցադրումն արեց` «Տնտեսությունը դինամիկ օրգանիզմ է, իսկ ո՞վ ասաց, տրանսֆերտային տնտեսությունը պետք է պահենք հավերժ, իսկ ո՞վ ասաց, որ դա է բացասական կամ դրական գործոնը, եւ ով ասաց, որ մենք չպետք է օգտվենք ռուսական ռուբլու թուլացումից, եւ հումք ներկրել` մեր տնտեսությունում օգտագործելու»:

Պարոն Մանասերյանը հորդորեց օգտվել ճգնաժամերից, եւ եթե 2015 թվականը կառավարությունը մրցունակության բարձրացման քաղաքականություն է որդեգրել, ապա պետք է «դռները բացել» նոր տեխնոլոգիաների, նոր սարքավորումների առջեւ:

Տնտեսագետը խորհուրդ է տալիս, որ տեղական արտադրության զարգացման համար ներկրվող տեխնոլոգիաներն ազատվեն մաքսատուրքերից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031