Այսօր, երբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀԾԿՀ մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, զավեշտալի իրավիճակ ստեղծվեց:
Քննարկմանը ներկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ Հրանտ Բագրատյանի ներկայացրած առաջարկներից երկուսը կարգավորված են:
Հրանտ Բագրատյանն էլ պահանջեց, որ կարգավորումը լինի օրենքով:
Կարդացեք նաև
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը համակարծիք էր Հրանտ Բագրատյանի հետ: Գործող կարգով, նախատեսված է, որ քաղաքացին պետք է դիմում գրի, ապա միայն տեղեկատվություն ստանա իր նախընտրած տարբերակով. «Ոչ թե ես որոշեմ` դիմում գրեմ, թե` չէ, որ ինձ տեղեկատվություն ուղարկեն էլեկտրոնային փոստով, այլ պատշաճ ձևով տեղեկատվություն մատուցվի: Ցավոք, վատ պրակտիկա ունենք, երբ էլեկտրիկը գալիս է, նայում ցուցմունքները, բայց ոչ մեկը չի գալիս քաղաքացուն տեղեկացնում, որ բացում է հաշվիչը` թող գան, իրենց ներկայությամբ լինի, իսկ քաղաքացիները գնում են փոստ, իմանում կոմունալ տվյալները և այլն: Ես առաջարկում եմ մոտեցումը փոխել, արդյոք ժամանա՞կը չէ, որ սպառողների շահերով առաջնորդվեն, ոչ թե` մատակարարների շահերից ելնելով»:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ նշեց, որ փոստային ծառայությունները չեն կարող անվճար լինել, ուստի դա կազդի էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագնի վրա: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ դա ծախս չի պահանջում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց Հրանտ Բագրատյանին` հանել իր հեղինակած նախագիծը` պատճառաբանելով, որ պատգամավորի առաջարկների մեծ մասը կարգավորված է, մի մասն էլ կարելի է կարգավորել խմբագրական փոփոխությունների միջոցով, այսինքն` նոր կնքվող պայմանագրերում քաղաքացին լրացնի, թե ինչ ձևով պետք է իրեն տրամադրվի կոմունալ վճարների մասին տեղեկատվությունը: «Փոստային ծառայությունները վճարովի են, ձրի բան չկա, ձրի բան միշիլովկայում ա լինում մենակ»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանը սկզբում համառեց` ասելով, որ չի պատրաստվում հանել նախագիծը, մինչդեռ ընդդիմադիր գործընկերներ Խաչատուր Քոքոբելյանին եւ Միքայել Մելքումյանին հաջողվեց նրան համոզել:
Միքայել Մելքումյանը հավելեց, որ «գազի հանձնաժողովի» հաշվետվության քննարկման ժամանակ այդ հարցերն էլ կարելի է քննարկել՝ ավելի արդյունավետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ