Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանին հնարավոր չի եղել այդ դիրքով կծել. Դատարանի արձանագրությունը (Տեսանյութ)

Հունվար 29,2015 16:13

Ոստիկանին կծելու ու նրա նկատմամբ բռնություններ կատարելու մեջ մեղադրվող Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը այսօր մասնակցեց փորձարարական քննության: Նրա շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանը ու Երվանդ Վարոսյանը միջնորդել էին ոստիկանական մեքենայի մեջ փորձարարություն կատարել` պարզելու, թե ինչպես է հնարավոր մեքենայի հետեւի նստարանին  նստած կծել ոստիկանի ձեռքը եւ ինչպես է մեկ այլ ոստիկան կատարվածը տեսել դիմապակու միջոցով:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):

Kiviryan_1

Այսօր տուժող ոստիկանը չէր ներկայացել դատաքննությանը, ու չնայած մեղադրողը միջնորդեց հետաձգել դատական նիստը ու պնդեց, որ առանց տուժողի հնարավոր չէ փորձարարություն կատարել, դատարանը որոշեց փորձարարություն անել առանց տուժողի:

Փորձարարության ժամանակ Արգիշտի Կիվիրյանը փորձում էր վերարտադրել հնարավոր կծելու դեպքը, իսկ դեպքի հետ կապ չունեցող մի ոստիկան դիմապակուց հետեւելով պետք է ասեր, թե տեսնում է Կիվիրյանի կծելը, դեմք եւ այլն: Փորձարարության ժամանակ արձանագրվեց, որ հետեւի նստարանից որեւէ կերպ հնարավոր չէր կծել ոստիկանի ձեռքը:

Դատախազը չհամաձայնեց արձանագրության հետ, ասաց` իրական տուժողը բարձրահասակ էր, փորձարարության մասնակից ենթադրյալ տուժողը ցածրահասակ ու հնարավոր չէր նման դեպքում իրական կատարվածը վերարտադրել:

Դատավորը դիտողություն արեց, որ հասակները կապ չունեն, քանի որ փորձարարությունը դինամիկ վիճակում է կատարվել, էդ դեպքում հասակը կապ չուներ:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հակադարձեց. «Մեղադրողը, եթե կասկած ունի, որ կարճահասակը կարող է չտեսնել, բարձրահասակը կարող է տեսնել, ասեմ, որ մինչեւ այս փորձարարությունը անելը մենք  տարբեր հասակների մարդկանց փորձել ենք, ցանկացած անձ ցանկացած դիրքով ու հասակով չի կարող տեսնել այն, ինչն իր ցուցմունքում պատմել է գործով վկա ներգրավված ոստիկանը: Եթե մեղադրողը կասկածում է, թող միջնորդի այլ հասակով մարդու դեպքում փորձարարություն նորից կատարենք»:

Արգիշտի Կիվիրյանն էլ ասաց, որ այս փորձարարությունը ցույց տվեց, որ իր դեմ քրեական գործը սարքված ու արհեստական է. «Ակնհայտ դարձավ, որ գործով վկա նախկին ոստիկան Քոչինյանի ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: Ակնհայտ դարձավ, որ նախաքննական մարմինը կեղծ տվյալների հիման վրա գործ սարքելով է զբաղված եղել եւ ոչ թե իրականությունը պարզելու: Փաստորեն պատվեր էր ամեն կերպ կեղծ ցուցմունքների հիման վրա ինձ դարձնել մեղադրյալ, ապա ամբաստանյալ»:

Այսօր նախատեսված էր Կիվիրյանի ցուցմունքը, բայց նա ժամանակ խնդրեց` պնդելով, որ  պետք է  դեռ իր փաստաբանների հետ խորհրդակցի` ունե՞ն լրացուցիչ միջնորդություններ, թե՝ ոչ:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի տասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031