ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ
Շարմազանովը հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության
արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ:
Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախորդ տարում
հայ-չեխական միջխորհրդարանական կապերն ունեցել են զարգացման արդյունավետ
ընթացք, ինչին նպաստել են երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Պարոն
Շարմազանովը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում այդ հարաբերություններն
առավել կամրապնդվեն ու կընդլայնվեն: Նա ընդգծել է, որ 2015 թ. հայ ժողովրդի
համար կարեւոր տարի է. Հայաստանում եւ արտերկրում Հայոց ցեղասպանության
100-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: Այս
համատեքստում պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Չեխիայի
խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու
հարցում պատրաստակամություն հայտնելու համար:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին սահմանին եւ
շփման գծում խախտման դեպքերին: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների վերջին հայտարարությունը հստակ հասցեագրված էր Ադրբեջանին՝
հավատարիմ մնալու հրադադարի պահպանման ռեժիմին: Էդուարդ Շարմազանովը եւս մեկ
անգամ փաստել է, որ ՀՀ իշխանությունները ԼՂ խնդրի լուծումը տեսնում են
բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: ԱԺ
փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն
այլընտրանք չունի:
Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների
զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը
վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Պետր Միկիսկան բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական
հարաբերությունները եւ այս համատեքստում կարեւորել միջխորհրդարանական
գործակցության զարգացումը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն