Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շրջհարկի մեկ տոկոսը ծուղակ է» (Տեսանյութ)

Հունվար 29,2015 15:58

Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին ՓՄՁ շահերը պաշտպանող կազմակերպությունների անդամները նամակով դիմել էին վարչապետին: Նամակում ներառված էին «Շրջանառության հարկի մասին» օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ, սակայն մինչ օրս ՓՄՁ շահեր պաշտպանողները պատասխան չեն ստացել: Նամակում առաջարկվել է կիրառել կամավորության սկզբունքը՝, այսինքն` այն ձեռներեցները, որոնք ցանկանում են աշխատել փաստաթղթավորմամբ, վճարեն 1 տոկոս շրջհարկ, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում աշխատել փաստաթղթերով՝ վճարեն նախկին 3,5 տոկոս հարկը,  նաեւ առաջարկություն է եղել հրաժարվել օրենքում տեղ գտած նոր դրույթներից եւ աշխատել նախկին օրենքով:

Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում ներկայացնելով նամակի բովանդակությունը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն ասաց, որ սա է հենց կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող ցուցարարների պահանջը:

Հակոբ Ավագյանը բացատրում է, որ իրենք դեմ չեն պարտադիր փաստաթղթավորմանը, կողմ են սպիտակ տնտեսությանը, սակայն մեկ տոկոսով աշխատողները հասկանում են, որ դրա արդյունքում ավելացող տուգանքները իրենց վրա ավելի ծանր կարող են նստել. «Բայց փոքր բիզնեսը ընդամենը մի օղակ է, իսկ խոշոր բիզնեսները, թերի մաքսազերծումը այսօր բերում են նրան, որ փոքր բիզնեսը ասում է, որ չի կարող հայթայթել այդ փաստաթղթերը»:

Բացատրեց, որ քանի որ երկրում ապրանքների մեծ մասը ներմուծված են, ապա այդ ներմուծումները ոչ պատշաճ փաստաթղթավորմամբ են իրականացվում՝ ինչ-որ երրորդ ընկերության կողմից ու հենց մաքսային սահմանից էլ երկրի փաստաթղթային շղթան խախտվում է:

Մանրամասն՝ տեսանյութում

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանն էլ, հիշելով ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի ելույթը, թե շրջհարկի մասին օրենքը փոփոխման ենթակա չէ, ասաց, որ այդ խոսքերն են հենց վրդովվեցրել քաղաքացիներին. «Այստեղ հավաքված յուրաքանչյուր ցուցարար հասկանում է, որ անգամ մեկ մարդու համար էլ իրենք պարտավոր են օրենքը փոխել: Մեր երկիրը այդքան հարուստ չէ, որ իրենց ասած 500 ձեռնարկատիրոջ համար օրենքը փոփոխություն չկրի: Մենք կարծում ենք, որ օրենքի մեջ հնարավոր է փոփոխություններ մտցնել, եւ եթե հնարավոր չէ, կարող էին մեզ հետ վաղօրոք քննարկել»: Ստեփան Ասլանյանը վստահեցնում է, որ եթե օրենքի ճիշտ պատասխանը ստանային, ժողովուրդը չէր հավաքվի:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանի էլ՝ օրենքը, որ իբրեւ թե պաշտպանում է փոքր բիզնեսին, իսկ շրջհարկն է իջեցվում է մեկ տոկոս, պետք է տաներ նրան, որ ձեռներեցները դեմ չլինեին այդ մեկ տոկոսի կիրառությանը. «Այդ մեկ տոկոսը ուղղակի թակարդ է, դա գոյություն չունի: Մեկ տոկոսով այսօր ոչ մի մանր բիզնես չի կարող աշխատել: Միայն գաստրոնոմային ապրանքներ վաճառողները եւ դեղատները կարող են աշխատել այս օրենքով»: Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ մեկ տոկոսով աշխատելու համար, պետք է ունենալ 100 տոկոսանոց փաստաթղթաշրջանառություն, որն անհնար է ապահովել:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031