Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) շարունակում է ձմեռային նստաշրջանի աշխատանքները:
Զեկույցով հանդես եկավ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակները նրան հարցեր տալու հնարավորություն ունեին: Հարց-մտահոգություն հնչեց Ադրբեջանում բանտարկության մեջ գտնվող իրավապաշտպանների թեմայով: ԵԽ գլխավոր քարտուղարը ևս իր մտահոգությունը հայտնեց այս առիթով և հայտարարեց, թե այդ գործիչները պետք է ազատ արձակվեն: Նա հնչեցրեց իրավապաշտպաններ Անար Մամադլիի, Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի անունները: Ըստ ԵԽ քարտուղարի` խնդիրը կարելի է լուծել անկախ դատական համակարգի առկայության պարագայում. «Եթե չկա անկախ դատական համակարգ, հետևաբար այս խնդիրների լուծման մասին խոսելն անհնար է: Ցավոք, բայց չենք տեսնում, որ Ադրբեջանում անկախ դատական համակարգի կայացման աոումով աշխատանքներ տարվում են: ԵԽԽՎ մանդատով մենք միայն այդպես կարող ենք խնդրին լուծում տալ»:
Ադրբեջանի պատվիրակները կրկին առիթը օգտագործեցին և հարց հնչեցրին այս տարվա ամռանը դիվերսիոն գործողություն իրականացրած Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիևի վերաբերյալ` պահանջելով այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Թորբյորն Յագլանդն ընդհանրական պատասխան տվեց. «Սա Ադրբեջանին և Հայաստանին վերաբերող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում խնդիր է և ինչպես գիտեք` ԵԽԽՎ-ն այստեղ չունի դերակատարություն այդ խնդիրը լուծելու համար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի ձևաչափում է: Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, ապա մենք ուղիներ ենք մշակում այդ խնդիրներին լուծում տալու համար»:
ԵԽ գլխավոր քարտուղարի ելույթից հետո Վեհաժողովը քննարկեց մամուլի ազատությանը վերաբերող խնդիրներ: Պատվիրակներն այս թեմայով մտահոգություն հայտնեցին` մատնացույց անելով Ադրբեջանում և Թուրքիայում տիրող իրավիճակը: Մասնավորապես Թուրքիայում և Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակումները, լրագրողների ձերբակալությունները: Հատկապես թուրքական կառավարության կողմից ԶԼՄ-ների նկատմամբ եղած ճնշումները, իսկ Ադրբեջանում լրագրողներ Խադիջա Իսմայիլովայի և Լեյլա Յունուսի ձերբակալության հարցը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ