Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում բանկերն ինչ ուզում անում են, անիմաստ ծախսեր են անում, անիմաստ շենքեր են կառուցում»

Հունվար 29,2015 15:35

Երբ Կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում կայացրեց Հայաստանում գործող բանկերի հիմնական կապիտալը 5 միլիարդից մինչեւ 2017 թվականը դարձնել 30 միլիարդ՝ պատճառաբանվում էր, որ սա միտված է բանկային ոլորտի կայունացմանը: Այսօր «Մեդիա կենտրոնում» կարծիք է  հնչել, որ այս որոշումը ռիսկի տակ է դնում ֆինանսական շուկան:

Ի՞նչ երաշխիք կա, որ 2017 թվականից, երբ բանկերի կապիտալը մեծանա, բանկերը խոշորանան, նրանք գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, կամ ավելի մեծ մրցակցություն կլինի ֆինանսական դաշտում: Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ պատասխանելով այս հարցին, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ասաց, որ պետք է նաեւ հաշվի առնել արժեթղթերի շուկան, որն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ լուրջ պատճառներ. «Ըստ էության, երկրորդական շուկա է, առաջնային չկարողացանք կայացնել, հիմա հետեւանքներն ենք տեսնում»:

Պարոն Մանասերյանի խոսքերով` ԿԲ որոշման նպատակը, կարելի ենթադրել հիմնականում ֆինանսական համակարգի կայունությանն ու կառավարելիությանն է ուղղված, եւ որքանով իրականություն կդառնա, կախված է ոչ միայն ԿԲ-ից. «Այստեղ ամբողջ տնտեսությանը պետք է նայել, որքանով կհաջողվի, ինչպես գնաճի դեպքում: Նախ մեթոդաբանորեն ինֆլյացիայի դեպքում, սկսեցին գնաճը հաշվարկել 400 անուն ապրանքներով, մենք գոնե պետք է ունենանք հստակ տվյալներ առաջին անհրաժեշտության 10 խումբ ապրանքների գնաճի վերաբերյալ: Եթե այստեղ վերահսկելի իրավիճակ չունենք, եթե օրինակ մի քանի հոգի վերավաճառողները փորձեն գնաճ առաջացնել, այստեղ ԿԲ-ն անզոր է առանց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ու մյուս կառույցների անհնար է գների կայուն մակարդակ ապահովել, նույնը` ֆինանսական շուկայի դեպքում»:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ կարելի է ենթադրել, որ բանկերի խոշորացումով վարչական ծախսերը կնվազեցնեն` աշխատավարձեր եւ այլ ծախսեր. «Հայաստանում կա այսպիսի ցուցանիշ` վարչական ծախսեր-գործառնական եկամուտ, այս ցուցանիշերով շատ քիչ բանկեր են մոտենում նորմային, 13%-ից ցածր պիտի լինի այս ցուցանիշը: Բանկերն անիմաստ շատ ծախսեր ունեն, ենթադրվում է, այս ծախսերը կիջնեն: Արդյոք խոշորացման արդյունքում մրցակցությունը կավելանա՞, թե՞ ոչ»:

Պարոն Խուրշուդյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է, կարծես թե ԿԲ-ն կառավարելիությունը մեծացնելու համար, ուզում է քիչ գործող անձինք լինեն դաշտում, որոնք հեշտ կառավարելի կլինեն: Այս տրամաբանությամբ, ինչպես Խուրշուդյանն ասաց, Հայաստանը գրեթե ուզում է դառնալ միաստիճան բանկային համակարգ. «Իբր թե երկաստիճան է: Միաստիճանը սովետական մոդելն է, մեկ բանկ կար: Եթե ԿԲ-ն այդքան շատ վերահսկողություն է ուզում, ինքը քիչ-քիչ վերածվում է ամբողջ բանկային համակարգի կառավարչի. դա շատ վտանգավոր մոդել է,սա չի տանի զարգացման»:

Հայաստանի բանկային համակարգում մրցակցությունը չկայանալու հետեւանքով, ըստ պարոն Խուրշուդյանի, բանկերն ազատ են, այստեղ լուրջ վերահսկողական խնդիրներ կան. «Մինչեւ 10 %-ից տոկոսադրույքը չիջնի, իսկ կիջնի, երբ Հայաստանում խնայողություններ լինեն, իսկ ֆինանսական շուկայում հիմնականում խնայողություններ չկան, 10%-ից չիջնի, բանկերը չեն սկսի մրցակցել արդյունավետ: 10%-ից բարձրի դեպքում, ինչ ուզում` անում են. անիմաստ շենքեր են կառուցում, փող ունեն, չգիտեն որտեղ ծախսեն: Սա վատ բիզնես վարել է կոչվում: Հայաստանում դեռ չեն հասել այն կետին, որ եկամուտն ապահովեն արդյունավետ աշխատելով, եկամուտն ապահովում են բարձր տոկոսադրույքների հաշվին»:

Խուրշուդյանը նկատեց, որ հայաստանյան բանկերը, բացի անշարժ գույքի շուկայից, այլ տեղ չեն տեսնում իրենց փողերը ներդնելու. «Այսինքն, ինվեստիցիան որպես խնայողություն ինչ-որ տեղ ներդնելու իմաստով, անշարժ գույքի մասին են մտածում, կներեք, դա տնտեսություն չէ, արդեն չգիտեմ ինչ է»:

Մանասերյանն էլ հիշեցրեց Համահայկական բանկի մասին, եւ հորդորեց, որ այս բանկը, որը քանի տարի է աշխատում է, կոչված է համահայկական կապիտալի օգտագործումը Հայաստանի տնտեսությունում, պարզ չէ, ինչպես է աշխատում. «Ինչո՞ւ է անտեսվում, ինչո՞ւ չի ինտեգրվում ՀՀ տնտեսությունում, Նա պետք է հաշվետվություն ներկայացնի` ինչով է զբաղված, ի՞նչ է արել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031