Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանը` Գյումրիի դեպքերի մասին. «Հանցագործը կարող է մանկահասակ տարիքում զգացել է սիրո պակաս»

Հունվար 29,2015 15:26

«Եթե հասարակության համար Գյումրիի դեպքը հենց դեպքն է, որի արդյունքում ունենք հինգ չափահասի եւ երկու անչափահասի սպանության փաստ, հոգեբանության տեսանկյունից դեպք որպես այդպիսին գոյություն չունի, ունենք դեպքի մեջ տարբեր դրվագներ, որոնք այս կամ այն չափով բնութագրում են կոնկրետ անձանց»,- հունվարի 29-ին, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությանը, հայտարարեց «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ, քրեական արդարադատության ոլորտի հոգեբան Արշակ Գասպարյանը:

Նա նշեց, որ վերլուծությունները կատարում է զանգվածային լրատվական միջոցների հրապարակումների հիման վրա: Նրա խոսքերով` հրապարակումներից պարզ չէ, թե հանցագործն ինչպես է մտել Ավետիսյանների տուն` նրա առջեւ դուռը բացե՞լ են, թե՞ նա ջարդել է ապակին եւ պատուհանից է ներս մտել: Հոգեբանը համարում է, որ դրանք շատ կարեւոր հանգամանքներ են, քանի որ տարբեր իրավիճակներում դրսեւորվում են տարբեր հոգեբանական առանձնահատկություններ. «Սրանք բոլորը տարբեր անձնային առանձնահատկություններին պատկանող երեւույթներ են: Մեկ, որ շատ ինքնավստահ մեկն է, գիտի, թե ինչ է անելու, գալիս է դուռը ծեծում է, իր առջեւ դուռը բացում են, ինքը մտնում է ներս, ինչ-որ կոնտակտ է հաստատում այդ մարդու հետ, եւ այդ կոնտակտի արդյունքում տեղի է ունենում մի իրողություն, որը հոգենյարդային լարում է ստեղծում սպանություն կատարած անձի մոտ, եւ անձը կատարում է սպանություն: Բայց այս դեպքում մենք հարցեր ունենք, իսկ ինչո՞ւ չսպանվեց այն անձը, որը ստեղծել էր այդ իրավիճակը, ի՞նչ կարող էին անել անչափահաս երեխաները, այս երեխաները որեւէ կերպ անհավասարակշիռ վիճակ պետք է, որ չստեղծեին»:

Անդրադառնալով երեխաների սպանությանը` պարոն Գասպարյանը նշեց, որ եթե հոգեպես առողջ մարդը գնում է այդ քայլին, ապա տեսանելի է կոնկրետ մանկահասակ երեխայի նկատմամբ հստակ թշնամանքի եւ ագրեսիայի ուղղորդված աշխատանք. «Տարբերակները կարող են բազմաթիվ լինել, նույնիսկ սեռով պայմանավորված, կարող է լինել մայր, կին, որը կորցրել է, կարող է լինի տղամարդը, որը կորցրել է եւ անբավարարվածության զգացողությունը փոխանցում է` երեխայի վրա իր չարությունը հանելով, կարող է լինի մեկը, որն իր մանկահասակ տարիքում զգացել է ընտանեկան պատկանելիության պակաս, սիրո պակաս, կամ ընդհակառակը` գերխնամքի դրսեւորում: Սրանք հոգեբանական դրսեւորումներ են, որոնք տանում են դեպի ագրեսիվ վարք նաեւ երեխաների նկատմամբ»:

Արշակ Գասպարյանը նկատեց, որ երեխան` 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը չի մահացել սվին դանակի կողմից հասցրած վնասվածքներից, եւ բժիշկների պնդմամբ` այդ հարվածներից որեւէ կենսական օրգան չի վնասվել. «Սա եւս վերլուծության առիթ է տալիս, թե ում ենք փնտրելու այս պարագայում` մարդ, որը դաժանությամբ կատարել է գործողություն, բայց միեւնույն ժամանակ, այդ դաժանությամբ կատարված գործողությունը չի հասցրել իր նպատակին, եթե իր նպատակը հենց այդ երեխային սպանելն էր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031