Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս. Ցեղասպանության 100-ամյակը նոր հանգրվան է պահանջատիրության և հատուցման արդար մեր պայքարի ճանապարհին

Հունվար 29,2015 15:09

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն և օրհնություն ենք բերում ձեզ: Այսօր մենք վերստին մեկտեղվել ենք քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները:

2015 թվականը Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման լուսավոր խորհրդով բացվեց մեր կյանքում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով, ինչպես արդեն հայտնի է, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ապրիլի 23-ին հանդիսավոր արարողությամբ սրբոց կարգն է դասելու հանուն հավատքի և Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակներին: Սրբացյալ մեր նահատակների բարեխոսությունը նորոգելու է կյանքը մեր ժողովրդի, նրանց հոգևոր սխրանքի ոգեկոչումը քաջալերելու է մեր ժողովրդի զավակներին ապրելու աստվածասեր ու հայրենանվեր ոգով և զորացնելու` մեր իրավունքների պաշտպանության, Հայրենի մեր երկրի հզորացման, ազգիս լուսավոր ապագայի կերտման կամքն ու վճռականությունը:

Ցեղասպանության 100-ամյակը մեր արդար դատի պաշտպանության գործում ունեցած ձեռքբերումներով հանդերձ` նոր հանգրվան է պահանջատիրության և հատուցման արդար մեր պայքարի ճանապարհին: Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Հայրենիքի շրջափակման, պատերազմի սպառնալիքի, նաև միջազգային հարթակներում Թուրքիո կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ձախողեցնելու փորձերի, վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը: Հայոց Ցեղասպանությունից 100 տարիներ անց մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված` չնայած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է շատ պետությունների ու հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնց երախտապարտ է մեր ժողովուրդը: Համայն ազգիս արդար սպասումն է, որ Թուրքիան ևս միանա Ցեղասպանությունը ճանաչած երկրներին` առերեսվելով սեփական պատմության հետ: Թուրքիո պետությանը պատասխանատվության կանչելու և հայոց դատի պահանջատիրության մեջ մեր ժողովրդի մղիչ ուժը ոչ թե ատելությունն է ու թշնամանքը, այլ արդարությունը վերականգնված տեսնելու պահանջն ու ձգտումը: Թուրքիան առ այսօր տարբեր խարդավանքներով ու դավերով շարունակում է Հայոց Ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը:

Նույն գործելաոճի հերթական դրսևորումն է Ցեղասպանության 100-ամյակի տարում Թուրքիայի իշխանությունների կողմից ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի օր հռչակելը, ինչն ակնհայտ է, նպատակ ունի շեղելու աշխարհի ուշադրությունը և նվազեցնելու Մեծ Եղեռնի մեկդարյա տարելիցի նշանակությունը: Հայրապետական Մեր հորդորն է աշխարհասփյուռ Մեր զավակներին` գործադրելու բոլոր ջանքերն ու միջոցները` հանրային, պետական ու միջազգային բոլոր հարթակներում ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից բխող նման քայլերի իրական բնույթը, ոգին ու նպատակը և հրատապ պահելու Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման և արդարության իրագործման պահանջը: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կոչ է արդարության վերականգնման, հորդոր է դատապարտելու ներկա աշխարհում գործված բոլոր ցեղասպանությունները, մոլեգնող ահաբեկչությունները, և ի վերջո, խղճի ու մարդկայնության դեմ կատարվող ոճիրներն ու հանցագործությունները:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նաև կոչ է աշխարհին` վերջ դնելու սեփական շահերի համար մարդկանց և ժողովուրդների կյանքի զոհաբերմանը, նրանց իրավունքների ոտնահարմանը: Աշխարհի և մարդկության ապահով ու բնականոն կյանքը խաթարող ոճրագործությունները որոշապես հետևանք են նաև Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման հապաղման:

Ողջունում ենք որդեգրումը հռչակագրի և Մեր գնահատանքը բերում խմբագրական կազմի անդամներին:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին համայն աշխարհասփյուռ հայության ներուժն ու միասնականությունը զորացնելով` շարունակելու է հայրենի պետության, ազգային կազմակերպությունների ու հաստատությունների հետ ջանքեր գործադրել հանուն մեր արդար դատի հաղթանակի, շարունակելու է ջանքերը միջազգային ու միջեկեղեցական ասպարեզներում` ի խնդիր Հայոց Ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանության հետևանքների վերացման:

Հայրապետիս աղոթքն է, որ Աստված խաղաղություն շնորհի ողջ աշխարհին, մարդկության կյանքում զորացնի համերաշխությունն ու սերը, որպեսզի բարի արգասիքներով արդյունավորվի ժողովուրդների համակեցությունը:

Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը:

Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031