Այս պահին առեւտրականները շրջանաձեւ երթ են կազմակերպել: Այն բանից հետո, երբ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը իջավ եւ ակցիայի մասնակիցներին ասաց, որ իրենք ունեն առեւտրականների հեռախոսահամարները եւ հարկ եղած դեպքում կկապվեն, առեւտրականները որոշեցին որպես բողոքի նշան Հանրապետության հրապարակում շրջանաձեւ երթ անել:
Հասնելով արտաքին գործերի նախարարության շենքին, առեւտրականները կանգնեցին եւ ոտքերով դոփելով ամոթանք տվեցին արտաքին գործերի նախարարությանը: Նրանց խոսքերով՝ արտգործնախարարությունը նույնպես մաս է կազմում կառավարությանը: Ակցիայի մասնակիցները վանկարկելով «միացում, միացում», ճանապարհին հանդիպած առեւտրականներին կոչ են անում միանալ իրենց: Երթի ժամանակ նրանք վանկարկում էին՝ «կասեցում, կասեցում», «պայքար, պայքար մինչեւ վերջ»: Առեւտրականների երթը ավարտվեց կառավարության շենքի մոտ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ