Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը տեղյակ չէ՞ր

Հունվար 29,2015 13:40

«Օրինակ` Մոսկվայում քաղաքացին ծրարով ստանում է այդ տեղեկատվությունը փոստով: Մեզ մոտ սովորաբար քաղաքացին է փորձում հայթայթել այդ տեղեկատվությունը: Չէ՞ որ երբ խանութ եք գնում, գինը վրան գրված է լինում, հետևաբար, սա բացթողում է ՀԾԿՀ-ի կողմից: Հաշվիչների մասով խայտառակ վիճակ է, թե էլեկտրաէներգիայի, թե գազի առումով: Վստահ չեմ, արդյոք այդ հաշվիչները վստահելի՞ են: Առաջարկում եմ՝ առանց քաղաքացու ներկայության չպետք է բացվեն հաշվիչները: Լուրջ կասկածներ կան, որ այսպես կոչված ձախ էներգիա են վաճառում, գազի հետ կապված նույնպես կան բողոքներ, Էլեկտրացանցում խայտառակ վիճակ է, ուր տոտալ գողություն է տեղի ունենում»,-այսօր այս համեմատությունները եւ որակումները ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ասաց  ԱԺ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ այն, ինչն ինքը առաջարկում է, լայնորեն ու համատարած կիրառվում է Ռուսաստանում:

Իսկ Հրանտ Բագրատյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ « ՀԾԿՀ մասին » օրենքում լրացումներ կատարել ու էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարման մասով, աղբահանության և այլ պարտադիր վճարների մասով ծանուցումը հունիսի մեկից կատարվի գրավոր ձևով` էլեկտրոնային հասցեին , փոստին կամ հեռախոսին: Նաև առաջարկվում է բոլոր հաշվիչների հետ կապված, առանց քաղաքացու ներկայության չբացել հաշվիչները:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ հանրային ծառայությունները կարգավորող մարմինները պարտավոր են իրենց հաշվին կազմակերպել սպառողներին ծառայություն և սպառած կոմունալ վճարումների մասին տեղեկատվություն տրամադրելը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ ունի՞ կոնկրետ փաստեր խախտումների վերաբերյալ: «Անուններ պետք է անե՞մ, հարկ չեմ համարում ձեզ անուններ ասել, որովհետև բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ովքեր են խախտումներ անում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համակարծիք է Հրանտ Բագրատյանի հետ՝ ամեն մարդ պետք է տեսնի իր հաշվիչի ցուցմունքները, սակայն նաեւ հավելեց՝ հարցը կարգավորված է: Նիստին ներկա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ ինչ վերաբերում է աղբահանության և պարտադիր նորմերին, ապա դրանք ՀԾԿՀ կարգավորման դաշտում չեն: Իսկ ինչ վերաբերում է Էլեկտրաէներգիային և գազին, ապա այդ հարցերը կանոնակարգված են այնպես, որ եթե որևէ քաղաքացի ցանկություն ունի էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ստանալ իր ծախսերի մասին, դիմում է գրում ընկերությանը, տեղյակ է պահում իր էլեկտրոնային փոստը և ստանում է տեղեկատվություն: «Եթե այդ նորմը չկատարվի ապա դա նորմատիվային խախտում է »,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նազարյանի խոսքով, եթե քաղաքացին չունի էլեկտրոնային փոստ, ապա դիմում է գրում, որ փոստով ուղարկեն, բայց այդ ծառայության դիմաց արդեն պետք է վճարի բաժանորդը այլ ոչ թե տեղեկատվություն ուղարկող կազմակերպությունը:

Ինչ վերաբերում է հաշվիչ արկղերին, Ռոբերտ Նազարյանը նշեց, որ հաշվիչներն ու կապարակնիքները բացվում են միայն սպառողի ներկայությամբ, այսինքն այդ հարցն էլ է կարգավորված:

«Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման կանոններում կա դրույթ, որ բաժանորդը իրավունք ունի իր ցանկացած ձևով կապարակնքել հաշվիչը, իսկ մատակարարը առանց զգուշացնելու իրավունք չունի որևէ գործողություն կատարի արկղի հետ: Այսինքն՝ Բագրատյանի երկու առաջարկությունները կարգավորված են»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031