Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն ռիսկի տակ է դնում ֆինանսական շուկան

Հունվար 29,2015 13:28

Անցյալ տարի կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում կայացրեց, ըստ որի՝  Հայաստանում գործող բանկերը մինչեւ 2017 թվականը պարտավոր են իրենց հիմնական կապիտալը դարձնել 30 միլիարդ դրամ. ներկայումս այն 5 միլիարդ դրամ է: Այսօր «Մեդիա կենտրոնում» ԿԲ այս որոշման մասին քննարկման ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ իր եւ այլ տնտեսագետների համար ԿԲ այս որոշումը շոկային էր:  «Երբ անցյալ տարի նոյեմբեր-դեկտեմբերին ճգնաժամը եղավ, տնտեսագետներս,  մասնագետներս արդեն խոսում էինք, որ այս ճգնաժամին որոշ բանկեր չեն դիմանա, որովհետեւ տարբեր արժութային դիրքերում են: Մենք այն դարում չենք ապրում, որ բանկերը սնանկանան` այլ կգնան միաձուլման, բնական գործընթացն այսպես պիտի լինի: Բայց նույնիսկ այն մարդկանց համար, նույնիսկ ինձ համար, որոնք նման կանխատեսում էին արել, ԿԲ-ի որոշումը շոկային էր` միանգամից բարձրացնել հիմնական կապիտալը, եւ դրանով իսկ ստիպել միաձուլվել»,-ասաց պարոն Խուրշուդյանը:

Նրա դիտարկմամբ, միաձուլման գործընթացը պետք է բնականոն լիներ, այլ ոչ թե ստիպելով, եւ ըստ մասնագետի, գուցե ԿԲ-ն փորձեց արագացնել այդ ընթացքն, ասելով` «շուտ արեք միավորվեք, էդ խնդիրները լուծեք»:

Տնտեսագետի կարծիքով, ԿԲ որոշումը ռազմավարական լուրջ ռիսկեր է պարունակում. «Օրինակ` ԱՄՆ-ում, երբ 2008-ին ֆինանսական մեծ ճգնաժամը եղավ, հիմնականում խոշոր բանկերը հայտնվեցին բավական վտանգավոր վիճակում, մինչդեռ փոքրերը հեշտ հաղթահարեցին: Այսինքն` բանկերի խոշորացումով չես նվազեցնում ռիսկը, ֆինանսական ճգնաժամը բանկերի չափերից չէ կախված»:

Փաստորեն, եթե բոլոր բանկերը խոշորանան, իրենց կապիտալը ավելի մեծացնեն, կամ միաձուլվեն, ինչպես ասաց պարոն Խուրշուդյանը, հնարավոր ֆինանսական ճգնաժամի դեպքում, ԿԲ-ն մեծ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական շուկան:

Քննարկման մեկ այլ մասնակից «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ կարծիք հայտնեց, որ ԿԲ այդ որոշումն այն պատնեշը չէ, որի միջոցով կարելի է խուսափել ճգնաժամից:

Մանասերյանի ներկայացմամբ` նախ խնդիր է, թե ինչպես են կառավարվում ռիսկերը, որքանով են արդյունավետ կառավարվում, որովհետեւ կարող են միջին, կամ համեմատաբար փոքր բանկերի գործունեությունը լինի ավելի ճկուն, ավելի  արդյունավետ:

Ըստ պարոն Մանասերյանի բանկերը, որոնք խուսափեցին վարկեր տրամադրել` ռիսկերից ելնելով, այնպես չէ, որ սա լավագույնս անդրադարձավ տնտեսության կամ բանկային համակարգի վրա. այդպիսով  շահութաբերությունը նվազեց:

Տնտեսագետի համար առավել կարեւոր մտահոգություն է, թե բանկերն որքանով են ծառայում իրական սեկտորին, տնտեսության զարգացմանը: Մանասերյանի խոսքերով` «Եթե ի սկզբանե բանկերի հիմնական գործառույթները` նախեւառաջ տնտեսությանը ֆինանսավորել, վարկավորել, նպաստել զարգացմանը, չի իրականացվում, մնացածը` ֆինանսական միջնորդի դերն ինքնանպատակ է»:

Աշոտ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ ԿԲ որոշումը կարագացնի բանկերի սեփականատերերի միջեւ բանակցային գործընթացը`միաձուլման առումով:

«Երբ ախտորոշում են խնդիրը, կապիտալը չէ առաջնայինը, ԿԲ նախագահ Ջավադյանն ինքն էլ է այսպես ասել, բայց որպես դեղամիջոց դա է տալիս: Հայաստանում կապիտալ-ակտիվներ հարաբերակցությունը լավ ցուցանիշներ ցույց չեն տալիս, կապիտալը մեծ ներդրում չի դառնում, փողն այնպես չի շրջանառվում, ինչպես միջազգային միջինն է, պարզ ասած`կապիտալը մեզ մոտ բարձր է: Խնդիրն, իրոք, իրական հատվածում է, խնդիրն այն է, որ դրա լուծում տարիներ շարունակ, որ ռազմավարական է եղել, լուծում չի ստացել,  ու ստացանք ճգնաժամ՝ պատճառն այն է, որ մենք չունենք արդյունավետ ֆինանսական շուկա: Մենք ունենք ուղղակի բանկային շուկա, քիչ բանկեր, դրանք էլ ինչ-որ չափով մենաշնորհային են, ամեն մեկն ինչ-որ նիշա են գտել եւ այդտեղ է աշխատում, մրցակցությունը մեծ չէ: Չկան պարզ շուկայական գործիքները, որպեսզի շուկան արագ արձագանքի ցանկացած փոփոխության: Ներդրողների համար  փոխարժեքի ռիսկի նվազեցնելն առաջնային է, այս  գործիքը չկա: Մենք չունենք հասարակ «սպոտ» շուկա, կինո Երեւանի դիմաց ժամանակին եղել է ստվերային «սպոտ» շուկա, փոխանակման կետեր կային, հետեւի ստվարային շուկայում մեծ գումարներ էին շրջանառվում, փոխանակման բոլոր կետերը փոխկապակցված էին: Ցանկացած տեղ, եթե մեծ գումար էիր փոխանակում, ինքը մտնում էր միջանցք ու հայտարարում `ո՞վ կփոխի, եւ շատ արագ մեծ գումարները կարողանում էին փոխանակել: ԿԲ-ն վերացրեց, փորձեց տեղափոխել միջբանկային համակարգ, կամ բորսա, բայց չաշխատեց, չկայացավ, որովհետեւ դեռեւս կանխիկ գործարքները գերակայում են, անկանխիկը բանկերը հրաժարվեցին իրականացնել նոյեմբերին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031