Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավորներին որեւէ պաշտոնյա չի մոտեցել

Հունվար 29,2015 13:19

Արդեն 10 օր է, ինչ HSBC նախկին աշխատակից, «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողության գործով որպես օժանդակող մեղադրվող ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի ընտանիքի անդամները՝ 12 հոգի, ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց հացադուլ են անում, այն ակնկալիքով, որ Նախագահն իրենց կընդունի:

Ամբաստանյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին ասաց, որ այս 10 օրերի ընթացքում որևէ պաշտոնյա չի մոտեցել նրանց և նույնիսկ չի փորձել պարզել, թե ինչու են նրանք դիմել նման քայլի: Հունվարի 20-ին, երբ Առուշանյանները հայտարարեցին հացադուլ իրականացնելու մասին՝ նրանց է մոտեցել նամակների բաժնի աշխատակիցը և Լավրենտի Առուշանյանին՝ Աշոտի հորը, հրավիրել է նամակների բաժին և ընդամենն ասել, եթե նամակ ունեք հանձնեք և վերջ:

«Աշոտ Առուշանյանը «վարկածի» հիման վրա դատապարտված անձ է»,-ասում է պաշտպանը եւ ապա հայտնում, որ իր պաշտպանյալի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի գործը քննող քննիչի և մեղադրողի նկատմամբ: Նշված հաղորդումն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ այդ ՀՀ ՀՔԾ Լ. Առուշանյանին գրավոր տեղեկացրել էր, որ այդ հաղորդման հիման վրա որոշում չի կայացվելու, այն դեպքում երբ ըստ պաշտպանի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն պետք է կայացվեր հետևյալ երեք որոշումներից մեկը` քրեական գործ հարուցելու մասին, քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ ըստ ենթակայության ուղարկելու մասին: Նշված գրությունն այժմ բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:

Առուշանյանները տրամադրված են անժամկետ իրականացնել հացադուլը, հրաժարվել նաև բժշկական օգնությունից: Նրանք շատ վատ են զգում իրենց նկատմամբ ցուցաբերված անտարբերությունից:

Լիպարիտ Սիմոնյանը նաեւ ասաց, թե դատախազին ուղղված հաղորդման մեջ առկա էին տվյալներ այն մասին, որ գործում առկա տեսագրությունները մոնտաժված էին, եւ դատարանները անտարբերության են մատնել, իսկ ՀՔԾ-ն էլ քրեական գործ չհարուցելով ՝փորձում է ընդհանրապես թեման փակված համարել:

Լիպարիտ Սիմոնյանը վճռաբեկ բողոք բերելու հետ կապված հարցին էլ պատասխանեց. «Նորություն չկա»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031