«Նկատեցի մամուլում այդ խիստ ծիծաղելի մեկնաբանությունները, որոնց անդրադառնալ անգամ հարկ չեմ համարում»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ չէր մեկնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), մանավանդ, որ ձմեռային նստաշրջանին նախատեսված էր Ռուսաստանի լիազորությունների հետ կապված զեկույցի քվեարկություն, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ մամուլում որոշ մեկնաբանություններ տարածվեցին, թե ՌԴ-ի դեմ զեկույցի քվեարկության պարագայում իշխանական թևի պատվիրակներն ավելի համարձակ ու ինքնուրույն գտնվեցին, քան ոչ իշխանականները, որոնք խուսափեցին մեկնել Ստրասբուրգ:
Ստրասբուրգ չեն մեկնել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանն այդ մեկնաբանությունները «կատարյալ անհեթեթություն» համարեց ու պարզաբանեց. «Ես ինքս եմ դիմել Գագիկ Ծառուկյանին` խնդրելով, որ այս անգամ չմեկնեմ ԵԽԽՎ` հունվարյան նստաշրջանին: Ես անգամ չեմ հիշել, որ օրակարգում Ռուսաստանին վերաբերող որևէ հարց կամ քվեարկություն կա: Չեմ մեկնել Ստրասբուրգ` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին նեղ անձնական պատճառներով և այս պահին անգամ չեմ կարող ասել` ապրիլյան նստաշրջանին ի վիճակի կլինե՞մ մեկնելու, թե` ոչ«:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ