Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սինկոբ Փաբ» ջազային ակումբի ճանաչված երաժիշտ Արտյոմ Լալայանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Նա վկաների ցուցմունքներից հետո հասցրել է դատարանում ցուցմունք տալ, հարցաքննվել:
Երաժիշտը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 03.10.2012 թվականին քննիչ Ա. Մկրտչյանի մոտից վերադառնալով տուն և կնոջ ընկերուհու միջոցով ծանոթանալով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման բովանդակությանը, որտեղ գրված է եղել, որ իբր ինքն է դիտավորությամբ դանակահարել Էդուարդ Դուրգարյանին, Արտյոմ Լալայանը հաջորդ օրը՝ 04.10.2012 թվականին զանգել է քննիչ Ա. Մկրտչյանին և հայտնել, որ իրեն խաբել է և ինքը բողոք է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին:
Ըստ պաշտպան Սամվել Հովհաննիսյանի, Արտյոմ Լալայանը զանգել է քննիչ Ա. Մկրտչյանին: Գործում առկա է քննիչի կողմից կազմված տեղեկանքը, որտեղ նա նշել է, թե իրեն զանգել է Արտյոմ Լալայանը, ասելով՝ «վատառողջ է և ապաքինվելուց հետո կներկայանա քննիչին »: Այն, որ քննիչը տեղեկանքում չի նշել, որ Ա. Լալայանը իրեն հայտնել է, որ դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին, բնական է, ասում է նրա պաշտպանը՝ Սամվել Հովհանիսյանը:
Քննիչը 03.10.2012 թվականին տեղեկանք է ներկայացրել հանցագործության բացահայտման մասին, որտեղ նշված չէ, որ Ա. Լալայանը ներկայացել է մեղայականով, այլ նշված է, որ Ա.Լալայանը հարցաքննվել է որպես կասկածյալ:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի, «Ա. Լալայանից տեղեկանալով, որ վերջինս բողոքարկելու է քննիչի գործողությունները կապված լեզվի հետ, քննիչը հասկանալով, որ խնդիր է ծագելու կապված Ա. Լալայանին որպես կասկածյալ հարցաքննելու հետ, եթե որևիցէ հիմք չի եղել նրան կասկածյալի դատավարական կարգավիճակ տալու համար, 03.10.2012 թվականի ամսաթվով կազմել է կեղծ արձանագրություն մեղայականով ներկայանալու մասին, որտեղ ինչպես Ա. Լալայանն է ցուցմունք տվել դատարանում, իր ստորագրությունը չի»:
Նշված արձանագրության մեջ Ա.Լալայանը ոչ մի բառ չի գրել: Գործում առկա բոլոր դատավարական արձանագրություններում քննիչի կողմից գրված է, որ Արտյոմ Լալայանը ներկայացել է մեղայականով՝ սույն կեղծ մեղայականով արհեստական ապացույց ստեղծելու Ա. Լալայանի մեղքը հիմնավորելու համար:
Քննիչի գործողությունների հետ կապված պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին:
Գործում առկա անթույլատրելի ապացույցների մասին կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ