Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձմեռային նստաշրջանի՝ դեկտեմբերի 28-ի լիագումար նիստում որոշեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության կրկին զրկել ձայնի իրավունքից: Ի պատասխան ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարեց, թե իրենք մինչև 2015-ի վերջ չեն մասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին:
Քվեարկության էր դրվել «Վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկությունում ՌԴ պատվիրակության մասնակցության իրավունքի չվերականգնման մասին զեկույցը»:
Այս փաստաթղթի քվեարկության պատկերը հետաքրքրական է: Ինչպես տեղեկացրել ենք, հայ պատվիրակներից միայն երեքն են մասնակցել քվեարկությանը` ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Կարապետյանը և ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նրանք քվեարկել են «ձեռնպահ», այն դեպքում, երբ նախորդ քվեարկության ժամանակ` 2014-ի ապրիլին, մեր պատվիրակները «դեմ» էին քվեարկել այս զեկույցին: ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Արփինե Հովհաննիսյանը չի մասնակցել քվեարկությանը: Ստրասբուրգ ընդհանրապես չէին մեկնել ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները` ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Տեսնենք, թե ինչպես են քվեարկել Ռուսաստանի դեմ ներկայացված զեկույցին ադրբեջանցիները: Քվեարկության պատկերը վկայում է, որ քվեարկությանը մասնակցած 6 պատվիրակները «դեմ» են քվեարկել բանաձևին:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց` Ստրասբուրգում լինելով հանդերձ ինչու՞ չի մասնակցել քվեարկությանը: Նա պատասխանեց. «Երեկ վատառողջ լինելու պատճառով վաղ եմ դուրս եկել նիստից, մինչդեռ քվեարկությունը նախատեսված էր ուշ երեկոյան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ