Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հովսեփյան. «Այո՛, Գյումրիում տեղի ունեցածն իր ազդեցությունն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա». «168 ժամ»

Հունվար 29,2015 11:51

Հատված արձակագիր, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հետ հարցազրույցից:

 – Ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի սպանությունն ազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա, որքանո՞վ են վտանգված այդ հարաբերությունները, ինչպե՞ս եք տեսնում այդ հարաբերությունների հետագա ընթացքը՝ այս դեպքի ֆոնին։

– Մեղա, մեղա, բայց նույնիսկ այսպիսի սահմռկեցուցիչ հանցագործությունը չէր կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, եթե այդ հարաբերությունները նախապես ճաքեր չունենային։ Փոքր կամ մեծ կարևոր չէ, որովհետև փոքր ճաքերը նույնպես, ինչպես ամեն փոքր բան, մեծանալու, աճելու ունակությամբ են օժտված։

Չթվարկեմ այդ ճաքերը, սակայն արժե խոսել մեր հարաբերություններում զարմանալի փոխհամաձայնությամբ բուն դրած այն արատի մասին, որ երկուստեք դարձրել ենք կենսակերպ, կենսափիլիսոփայություն։ Ռուսաստանը մեծ է, դու՝ փոքր, նա հզոր է, դու՝ թույլ, նա համակարգի կենտրոն է, դու՝ ընդամենն արբանյակ։ Բարոյազուրկ երկրային օրենքներով ու կարգուկանոնով թերևս ճիշտ է այս ամենը, բայց կան ավելի վերին օրենքներ։ Աստվածայինը չէ, տիեզերականը։ Արբանյակը, ըստ այդ տիեզերականի, ոչ միայն համակարգի կենտրոնի շուրջ է պտույտներ գործում, այլև իր իսկ առանցքի։ Ահա մեր առանցքի շուրջ պտույտների, մեր սեփական պտույտների մասին է, որ մոռացել ենք թե՛ մենք, և թե՛ նրանք։ Աստված մի արասցե, որ այս մոռացությունը մի օր դադարեցնի մեր սեփական պտույտները։ Ողջ համակարգն է փլուզվելու։

Եվ ո՞վ է փրկելու համակարգը։ Մեր մոռացկոտնե՞րը, թե՞ նրանց դուգինները, մարկովները, կիսելյովները, ժիրինովսկիները, այն սքեմավորը, որ, չգիտես ինչու, հենց այս պահին որոշեց հերետիկոս հռչակել հայերին, քանզի մենք ուղղափառ չենք։ Սրանք պատահական աննշան մարդիկ չեն, սրանք գրեթե ամեն օր բարբաջում են մոսկովյան կենտրոնական հեռուստաալիքներով և տպավորություն ստեղծում, թե հայ-ռուսական հարաբերության ճաքերն արդյունք են մեր անհնազանդության, մեր անջատողական նկրտումների, մեր երախտամոռության։

Եկեք չթաքցնենք, ինչպես միշտ ենք թաքցրել, այո՛, Գյումրիում տեղի ունեցածն իր ազդեցությունն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա և նոր ճաք ավելացրեց՝ մեծ կամ փոքր, կարևոր չէ։ Իսկ ճաքը սվաղելով չի վերանում, ճաքը վերանում է, երբ ապրում ու փոխհարաբերվում ես տիեզերական օրենքներով։

Անուշ ԹՐՎԱՆՑ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031