Հունվարի 12-ին հանրությունը ցնցվեց Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից։ Շատերի համար այն աննախադեպ էր, բայց 2000 թվականին եւս՝ այդ անգամ Վանաձորում, սպանդի էր ենթարկվել մի ամբողջ ընտանիք։
2000 թվականի հունվարի 28-ին անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն եւ հրազենի գործադրմամբ, ավելի կոնկրետ՝ գլուխներին արձակված կրակոցներով, սպանել էին ե՛ւ նրան, ե՛ւ տանը գտնվող ընտանիքի մյուս վեց անդամներին։ Ոճրագործները չէին խնայել անգամ նորածին երեխաներին։ Հրազենից սպանվել էին 46-ամյա Սերյոժա Կախյանը, մայրը՝ 75-ամյա Մալուկ Կախյանը, կինը 46-ամյա Անահիտ Ներսիսյանը, դուստրը 25-ամյա Արեւիկ Կախյանը, վերջինիս նորածին որդին, հարսը՝ 21-ամյա Կարինե Հարությունյանը եւ վերջինիս նորածին դուստրը։
Սպանդից ողջ էին մնացել Սերյոժա Կախյանի որդին՝ Արմեն Կախյանը եւ մեծ դուստրը՝ Ալվարդը։ Վերջինս ամուսնացած էր եւ առանձին էր ապրում, իսկ Արմեն Կախյանը ողջ էր մնացել միայն պատահականության բերումով եւ զուտ այն պատճառով, որ այդ օրը տանը չէր եղել։ Ավելի ճիշտ՝ ինչ-որ տեղից վերադառնալիս էր եղել եւ ուշ էր տուն հասել։ Սպանդից հետո Վանաձորում տարբեր խոսակցություններ են եղել, վարկածներ, սակայն առավել քննարկվող վարկածներից մեկն այն էր, որ այս հանցագործությանը ինչ-որ ձեւով առնչություն է ունեցել Վանաձորում հայտնի «հեղինակություն» Էդիկ Մարտիրոսյանը (առավել հայտնի է որպես Ճաճոյի Էդո):
Այս խոսակցությունները նոր թափ առան, երբ 2004 թվականի օգոստոսի 3-ին սպանվեց Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին եւ ազգականը. Վանաձորի մերձակայքում ավտոմատներից ու ատրճանակներից գնդակոծվել էր նրանց ավտոմեքենան։ 2000 թվականի ոճրագործությունից որոշ ժամանակ հետո Արմեն Կախյանը հայտարարել էր, որ վրեժ է լուծելու այն անձանցից, ովքեր տարիներ առաջ սպանել էին իր ընտանիքի անդամներին, երեխային, կնոջը։ Նա գրեթե համոզված էր, որ իր ընտանիքի անդամների սպանությունը կազմակերպել է Էդիկ Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում