«Հիդրոմետ» ծառայության չափումների համաձայն, մեր հանրապետությունում ձյան ծածկույթը նորմայից չափազանց ցածր է։
Ձմեռը շուտով կվերջանա, իսկ այս պահի դրությամբ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում եւ Արարատյան դաշտում ձյան ծածկույթն ընդհանրապես բացակայում է, իսկ Ապարանի, Ջերմուկի եւ Հրազդանի շրջաններում, եթե սովորաբար ձյան ծածկույթը հասնում է մինչեւ 90 սանտիմետրի, ապա այս տարի այն ընդամենը 30 սմ է:
Գիտությանը հայտնի բան է, որ չոր տարիների հերթագայությունը կարող է հանգեցնել ծանր երաշտի, ինչպես, օրինակ, եղավ 1999-2000 թվականներին։ Նախորդ տարի Արարատյան դաշտում ոռոգման ջրի լուրջ պակաս էր զգացվում, եւ մեզ հետ զրուցած հողագործներն ու մասնագետները կանխատեսում են, որ այս տարի երաշտ է լինելու։
Մեր երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի այգիները ոռոգվում են ջրամբարներում կուտակված ջրերով, որոնք լցվում են հիմնականում ձնահալոցքներով ձեւավորվող գետերի ջրերով։ Չկա ձյուն՝ չի լինելու ջուր։
«Շատ վատ է։ Մեր բոլոր ջրամբարները կախում ունեն տեղումներից։ Մեր գետերի ռեժիմը հիմնականում 40 տոկոսով առաջանում է ձնհալից, եւ հենց ձնհալն է ջրամբարները լցնում։ Ազատի, Ախուրյանի եւ Ապարանի ջրամբարները, որ Արարատյան դաշտի ոռոգման ամենակարեւոր ջրամբարներն են, հնարավոր է այս տարի ընդամենը 30-40 տոկոսով լցվեն»,- ասաց աշխարհագրական գիտությունների թեկնածու, «Գեոինֆո» գիտակիրառական կենտրոնի տնօրեն Բենյամին Զաքարյանը։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում