Պնդում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
«Մի խղճուկ, չեմ ամաչի այս բառն ասել՝ վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն»՝ գյումրեցի ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին այդ բառերով փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի բնութագրելը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, ճիշտ չէր:
«Պաշտոնատար անձի կողմից հանցագործության մեջ մեղադրյալ ներգրավված անձի նկատմամբ նման որակումները արարքի գնահատողական մոտեցում են, պաշտոնատար անձը չպետք է նման գնահատական տար»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը: Նրա համար անհասկանալի էր նաեւ փոխոստիկանապետի պնդումը, թե Պերմյակովը մինչեւ սահմանը խախտելն է ձերբակալվել, ու ռուսական կողմի գնահատման խնդիրն է՝ պետական սահմանը խախտելու հանցակազմով մեղադրանք կառաջադրե՞ն, թե՞ չէ:
«Ռուսաստանի ներկայացուցչի կողմից կատարված հանցագործության մասին է խոսքը, շարքային լինելու հանգամանքը էական նշանակություն չունի, պետք է հաշվի առնել նաեւ, որ միջպետական պայմանագրով ռազմական բազայի ներկայացուցիչը գտնվում է հայ-թուրքական սահմանի մոտ ու կոչված է լուծելու անվտանգության խնդիրներ: Այս պարագայում առաջին հայտարարություն անողը երկրի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է լիներ կամ գոնե վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, ԱԱԾ ղեկավարը, որոնք պատասխանատվություն ունեն Ռուսաստանի ներկայացուցչի հետ կապված հանցագործության առնչությամբ: Երբ նրանք չեն խոսում, իսկ խոսելիս էլ ոչ համարժեք դիրքորոշում են արտահայտում, ավելի ցածր պաշտոնատար անձանց են մղում առաջ, որ փրկեն իրավիճակը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Կարդացեք նաև
Հետո հակադարձեց փոխոստիկանապետի պնդմանը, թե ոստիկանությունը լավ է աշխատել, ասաց՝ հենց ոստիկանության բացթողումների արդյունքում է հանցագործության մեջ մեղադրվողը հայտնվել ռուսական ռազմաբազայում. «Հստակ է, որ ռազմական բազայի տարածքը ինքնակամ լքած ռուսական ռազմաբազայի պաշտոնական ներկայացուցիչները հատել էին բազայի տեղակայման տարածքը, մուտք գործել Հայաստան, որի մասին պատշաճ չեն տեղեկացրել հայ իրավապահներին: Ինքնակամ բազայի տարածքը լքած ու հանցագործության կատարման մեջ մեղադրվող զինված անձանց հայտնաբերման ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքները իրականացրել են նաեւ բազայի պաշտոնական ներկայացուցիչները, որոնք դրա իրավունքը չունեին: Նույնիսկ այս բացթողնման պայմանում հանցագործության մեջ կասկածվող անձը չպետք է հայտնվեր ռուսական բազայի հսկողության ներքո, այլ հանձնվեր ու գտնվեր Հայաստանի իրավապահ մարմինների ենթակայությանն ու հսկողությանը: Այս բացթողումներից հետո ով ինչ մեկնաբանություն էլ անի՝ լինի մարզպետ, կրթության նախարար, փոխոստիկանապետ, թե մի ուրիշ պաշտոնյա, չեն կարող այդ բացթողումների համար պատասխանատվություն կրել, որովհետեւ դրա համար պատասխանատվություն են կրում ՀՀ նախագահը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, ԱԺ նախագահն ու ԱԱԾ ղեկավարը»:
Հիշեցնենք, որ հարցին, թե ռազմաբազայի զինծառայողներն ունեի՞ն իրավունք՝ զենքերով մասնակցելու Պերմյակովի որոնողական աշխատանքներին, Հունան Պողոսյանը վստահեցրել էր, որ երբ զինված զինծառայող է լքում ռազմաբազան, համապատասխան պայմանագրի շրջանակներում ունեին դրա իրավունքը:
Իրավապաշտպանի խոսքով՝ անգործության համար պետք է աշխատանքից հեռացվեին մի շարք պաշտոնյաներ՝ ոստիկանապետ, գլխավոր դատախազ, ԱԱԾ ղեկավար. «Գլխավոր դատախազը կարեւոր հարցերի ուղղությամբ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջներ չի ներկայացրել, իսկ ԱԱԾ ղեկավարը բերանը ջուր է առել, լռել է ու իր աշխատասենյակում նստած սսկվել»:
Անդրադառնալով փոխոստիկանապետի հայտարարությանը, թե նախաքննությունը, որպես վարկած, դիտարկում է նաեւ այն, որ միայն Պերմյակովը չի եղել հանցագործության մասնակից, Արթուր Սաքունցը համոզմունք հայտնեց. «Ես հստակ ասում եմ, որ միայն Պերմյակովը չի կատարել, կամ առնվազն ինքը ներկա է եղել, բայց հանցագործությունը կատարել է բոլորովին այլ անձ: Սերժ Սարգսյանի երեկվա հոխորտանքը ադրբեջանական կողմից սահմանային ռեժիմի խախտման առիթով հարց է առաջացնում՝ Սերժ Սարգսյանի դուխը հերիքում է ադրբեջանական մի ամբողջ բանակի հասցեին հոխորտալու, բայց դուխը չի՞ հերիքում, որ Ռուսաստանի մի զինվորի կատարածի վերաբերյալ նման տոնով խոսեր»:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.01.2015
Հայի սիրտն ավելի խելոք է տրամաբանում, քան գլուխը:Ազգի 90%-ը վստահ է, որ ոճրագործության ատրիբուտ է բռնված ռուսը և գիտի նաև ում ձեռագիրն է:Հայի սիրտը չի խաբում:Պարզապես ֆաշիզմը դա չգիտի:
Ես այդպես էլ չհասկացա, թե ՀՀ իրավապահ մարմինները ի՞նչու չեն ձերբակալում ոճրագործ կասկածյալին: ՀՀ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ՀՀ օրենքը մեկնաբանում են մինչև վերջին տա՛ռը: