Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղի անվտանգության առաջին եւ հիմնական երաշխավորը մեր բանակն է»

Հունվար 29,2015 16:00

Աքլորականչի հետ բացվող լուսաբացը միշտ չէ, որ խաղաղ է լինում Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում: Բարեկամավանից այն կողմ հայկական գյուղեր չկան, վերջին գյուղն է սահմանագծի… ձորի մեջ գտնվող այս գյուղի դիմաց ադրբեջանական 3 խոշոր գյուղերն են, իսկ մյուս երեք կողմից հայկական գյուղը շրջապատված է սարերով ու անտառներով:

Ադրբեջանական կողմից պարբերաբար տեղացող կրակահերթերն ու գնդակոծությունները բարեկամավանցիներին հիշեցնում են 1992-94 թվականների մռայլ օրերով խտացված պատերազմական տարիները: Հրադադարից հետո տեղացիները մտածում էին՝ վերջապես հաստատվեց բազմաթիվ հայորդիների արյան գնով վաստակած խաղաղությունը, այլեւս աքլորականչը գյուղացիներին չի արթնացնի զգոնության կոչով, այլ կազդարարի հարատեւ խաղաղության մուտքը յուրաքանչյուր բարեկամավանցու տուն: Սակայն երազած խաղաղությունը լիովին զգալ մեծ ու փոքր բարեկամավանցիներին դեռեւս չի հաջողվում….
Սահմանակից հայկական այս գյուղը վերջին շրջանում եւս թշնամու կրակոցների եւ գնդակոծությունների թիրախ է դարձել:

gyuge-hervic

Հակառակորդի գնդակների հետքերն ամենուր են: 90-ականների սկզբի գնդակոծությունների հետքերին նորերն են ավելացել…

«Մինչեւ ե՞րբ, պատերա՞զմ է արդյոք, թե՞ չարամիտ կատակ»,- հարցնում են գյուղացիները եւ շարունակում ապրել հայրենի գյուղում:

«Շները հաչում են, կարո՞ղ է էլի էն անաստվածներն են գյուղ մտել»,- ամեն անգամ, երբ գիշերվա կեսին շները սկսում են հաչալ, գյուղացիները զգոնանում են, սկսում են իրար ձայն տալ ու որեւէ նորություն իմանալ: «Վախկոտ չենք, թշնամու դեմ դիմաց էսքան տարի ապրող մարդը վախկոտ չի կարա լինի, մենք մեր անպարտելիությունն ապացուցել ենք 1992-94թթ., երբ մեծ ու փոքր ոտքի էր կանգնել ու պաշտպանում էր գյուղը թշնամուց, բայց զգոնությունը երբեք չպետք է կորցնես: Արխային ենք, սահմանին մեր բանակի տղերքն են կանգնած ու հսկում են գյուղը, փառք ու պատիվ նրանց, մենք էլ միշտ իրենց մեջքին կանգնած ենք»,- ասում են Բարեկամավանի բնակիչները, ովքեր, անկախ սահմանին տիրող լարվածությունից ու ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներից, ապրում են գյուղում:

kadr-gyughic
Թեեւ նշում են, որ ոչ խաղաղ պայմանների ու աշխատանքի բացակայության պատճառով շատերն են ստիպված եղել գնալ գյուղից, բայց միշտ կապի մեջ են համագյուղացիների հետ եւ ամեն պահի պատրաստ՝ հետ գալ: «Ժողովրդի հույսը բանակն է: Պաշտպանության նախարարի ամենախիստ ուշադրության կենտրոնում ենք. այնքան է մեր գյուղում եղել, որ ցանկացած գյուղացու արդեն ճանաչում է, ամեն հարցով աջակցում, նույնիսկ գյուղի հոսանքի գումարն է ՊՆ-ի միջոցներից վճարվում, ամենագնաց երկու մեքենա են հատկացրել մեզ…»,- նշեց Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը եւ հավաստիացրեց, որ ողջ գյուղը սահմանը հսկող տղաների կողքին կանգնած է եւ ամեն հարցով աջակից:

Սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող Բարեկամավանի վարելահողերի զգալի մասը չի մշակվում, վտանգավոր է: Թշնամու նշանառության տակ է նաեւ ադրբեջանական կողմից ուղիղ գծով ընդամենը 700 մ հեռավորության վրա գտնվող գյուղի դպրոցը, որտեղ շարունակում են նույնիսկ կրակոցների պայմաններում բաց չթողնել դասերը: Անցած տարի 2 երեխա է ծնվել սահմանամերձ գյուղում՝ ուրախությամբ փաստում են տեղացիները: 250 բնակիչ ունեցող գյուղում մոտ 25 երիտասարդ ընտանիք է ապրում, տեղացիները խնդրում են կառավարությանն ավելի մեծացնել ուշադրությունն ու տարբերակված մոտեցում ցուցաբերել հակամարտության գոտում գտնվող գյուղին:

«Պետության կողմից սոցիալական աջակցություն է հատկացվում մեր համայնքին, հարկային արտոնություններ, շատ հարցերով մեզ ընդառաջում են, բայց պետք է թշնամու նշանառության տակ գտնվող գյուղերին մյուս սահմանամերձ գյուղերից տարբերակել, ավելի մեծ ուշադրություն դարձնել, որ մարդիկ ոգեւորվեն: Սահմանամերձ համայնք ենք, խմելու ջուր չունենք, հարեւան գյուղից ենք ջուր բերում: 50-60 հա աշնանացան ցորենի մի մասն էլ հակառակորդի նշանառության տակ է, պահուստային հողատարածքների մշակման բոլոր ծախսերի հարցում «Հայաստան» համահայկական հիմնադրամն է աջակցում… Պետական մասշտաբի ծրագիր պետք է լինի մեր ու նման կարգավիճակ ունեցող մյուս մի քանի գյուղերի համար…»,- առաջարկում են բարեկամավանցիները եւ պատերազմի ավարտ ու երկար սպասված հարատեւ խաղաղություն երազում:
Հայրենասիրության շնորհիվ է գյուղը մինչեւ օրս կանգուն: Գյուղը չի «փակվելու» երբեք: Այստեղ են անցել բարեկամավանցիների մանկության տարիները, անհոգ ու լուսավոր պահերը, պատերազմական մռայլ, բայց հաղթանակած օրերը, այստեղ են գտնվում բոլոր ժամանակների բարեկամավանցիների գերեզմանները, եւ ոչ ոք չի պատրաստվում հեռանալ իր ծննդավայրից՝ հավաստիացնում է յուրաքանչյուր բարեկամավանցի:
Տեղացիների պատմելով` մինչեւ հայոց բանակի կազմավորումը՝ գյուղացիներն են պահել գյուղը, սահմանն անվախ հսկել, իսկ բանակի ձեւավորումից հետո էլ շարունակել են զինվորներին հենարան լինել: Ամեն մի տնից երկու զինվոր կար ծառայող, բարեկամավանցու տան դռները միշտ բաց են սահմանին կանգնած զինվորների համար, նրանց միշտ հյուրընկալում են, կերակրում, թույլ տալիս իրենց տանը լողանալ, հագուստը փոխել ու օրհնելով՝ նորից դեպի դիրքեր ճանապարհում… «Այսօր էլ բարեկամավանցու մարտական ոգին կանգուն է, միշտ արթուն ու զգոն… Այն տարիներին մեր գյուղի կռված տղաները հիմա էլ գալիս են հետս կռիվ անում, ասում են՝ զենք տվեք մեզ, որ, Աստված չանի, մի բան եղած դեպքում սահմանին կանգնած տղերքին թիկունք կանգնենք ու գյուղը նաեւ մեր ուժերով պահենք: Գյուղից այսօր երկու պայմանագրային ծառայող ունենք, մյուսների տարիքն ու մնացած չափանիշները չեն բավարարում զինծառայության անցնելու համար»,- պատմում են զրուցակիցներս:

Բարեկամավանցի Կոլյային գյուղում բոլորն են ճանաչում եւ հպարտությամբ պատմում 45-ամյա ազատամարտիկի հերոսություններից: Ընդամենը 22 տարեկան էր, երբ առանց վարանելու 90-ականներին համալրեց գյուղը պաշտպանող ազատամարտիկների շարքերը: Ասում է` զենք չկար, փայտով ու որսորդական հրացանով էին ինքնապաշտպանական մարտերին մասնակցում, որոշ ժամանակ անց միայն գյուղ մի քանի զենք բերեցին, թեեւ հակառակորդի զենքն ավելի լավն էր ու շատ՝ հիշում է ազատամարտիկը: Բարեկամավանցիների խիզախության ու զինվորների մարտունակության շնորհիվ գյուղի սահմաններն ամուր պահվեցին՝ ասաց ազատամարտիկը` ցանկանալով, որ կրակոցներ այլեւս չհնչեն սահմանի եւ ոչ մի կողմից:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031