Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, արձագանքելով «Առավոտ» օրաթերթի 2015 թվականի հունվարի 23-ի համարում տպագրված «Ճի՞շտ է արդյոք, որ ոտնահարում են ՀՀ թոշակառուի իրավունքները» հոդվածին, որտեղ քաղաքացի Մանուկյանը դժգոհություն էր հայտնել վճարվող կենսաթոշակի տրամադրման եղանակի վերաբերյալ, որի համաձայն՝ մասնավորապես, տեղաշարժման խնդիրներ ունեցող թոշակառուն կանգնում է խնդիրների առաջ, ծառայությունից պարզաբանում են. «Հարգելի Մ. Մանուկյան, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի վճարումն իրականացվում է 2 եղանակով` կանխիկ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով եւ անկանխիկ ՍԱՊԾ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերի միջոցով (ցանկին կարող եք ծանոթանալ ծառայության կայքի կենսաթոշակներ բաժնից):
Կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու դեպքում՝ կենսաթոշակառուի ընտրությամբ, կենսաթոշակը վճարվում է փոստում, կամ փոստատարն անձամբ այցելում է թոշակառուի բնակչության պետական ռեգիստրում գրանցված հասցե եւ վճարում կենսաթոշակը:
Տեղեկացնում ենք, որ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում ասված է. «Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալ (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին»:
Ուստի Գառնուշ Կարապետի Մանուկյանն օրենքով սահմանված կարգով պարտավոր է ներկայանալ բանկ, որպեսզի անկանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակի վճարումը շարունակվի:
Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցները հարգանքով են վերաբերվում ուշադրության եւ հոգածության արժանի խավին՝ անկախ շահառուի ունեցած վաստակից»:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
28.01.2015