ԿԳ նախարարի մեկնաբանությունը՝
կրթական ոլորտի վիճահարույց խնդիրների մասին
ՀՀ կառավարության որոշումը՝ նպատակային տեղերում պետության հաշվին բարձրագույն կրթություն ստացած, բայց ավարտելուց հետո 5 տարի սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջաններում աշխատելուց հրաժարվող շրջանավարտներին պատժելու մասին, միանշանակ չի ընդունվել: Ոմանց կարծիքով՝ անարդար է, որ այդպիսի շրջանավարտը հետագայում պետք է փոխհատուցի ուսման համար իրեն տրամադրված վճարի եւ կրթաթոշակի կրկնապատիկը: Կան կարծիքներ էլ, թե կառավարությունը բավականին ուշացրել է համապատասխան քայլերը եւ վաղուց պետք է նման քայլերի դիմեր:
«Առավոտի» հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ կառավարության հայտնի որոշումը հիմնականում դրական արձագանքի է արժանացել, ինչ վերաբերում է քննադատություններին, նախարարի ձեւակերպմամբ՝ դրանք կապված են հարցի էությունը ամբողջությամբ չընկալելու հետ: «Անկախության տարիներից ի վեր պետությունը ներդրել է նպատակային ընդունելության համակարգ:
Դա նշանակում է, որ համայնքներում ռազմավարական կարեւորություն ունեցող մասնագիտություններով աշխատելու պարտավորությամբ՝ երիտասարդները կարող են պետական պատվերի շրջանակներում մրցույթից դուրս բուհ ընդունվել, ստանալ կրթություն պետության հաշվին եւ հետո տեսականորեն գնալ եւ որոշակի տարիներ աշխատել համայնքում՝ սպասարկելով դրա բնակիչների կարիքները: Մինչդեռ ի՞նչ ունեինք արդյունքում:
Այս տարիների ընթացքում մանկավարժական, գյուղատնտեսական, առողջապահական ուղղություններով գործող նպատակային ուսուցման մեխանիզմը փաստեց, որ չի ծառայել իր նպատակին: Հայերս՝ մեր կենցաղային ունակություններին համապատասխան, կարողացել ենք պարբերաբար տարբերակներ գտնել՝ ստանալ անվճար կրթություն պետության հաշվին, բայց հետո չկատարել պարտավորությունները: Չէ՞ որ այդ մանկավարժներին սպասում են երեխաներն ու ծնողները, բժիշկներին սպասում են հիվանդները, գյուղատնտեսին սպասում են մարդիկ, որոնք հողից հաց են ստանում, ինչից կախված է իրենց բարեկեցությունը:
Կարդացեք նաև
Այսինքն՝ ճնշող է, երբ շրջանավարտներն ավարտում են ու չեն գնում աշխատելու: Հիմնավորումները տարբեր են՝ անձնական կյանքից մինչեւ հիվանդություններ: Հիմա ո՞րն է այդ որոշման իմաստը՝ պետության հաշվին նպատակային կրթություն ստացած երիտասարդներն ավարտելուց հետո անպայման համապատասխան մեխանիզմով պետք է գնան աշխատելու, եւ եթե դա չեն անում, պարտավոր են փոխհատուցել իրենց վրա ծախսված գումարի կրկնակին: Եթե իրենք չէին գնալու, ուրիշն իրենց փոխարեն պետության հաշվին չորս տարի կսովորեր, իսկ չորս տարվա ընթացքում վնասներն ավելի են մեծանում: Այնպես չէ, որ պետությունն ընկել է իր՝ չափից ավելի հնարամիտ քաղաքացիների հետեւից, խնդիրը դրված է այլ հարթության մեջ. նպատակային կրթություն ստացող երիտասարդները պետք է հասկանան, որ իրենց սպասում են: Սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքները պետք է ուժեղացնել նպատակային, մասնագիտական կադրերով համալրելով, առաջին անհրաժեշտության ծառայություններ (կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն) մատուցելով: Այնպես որ, քննադատեք մեզ, որ այսքան ուշացել ենք»,- ասաց նախարարը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե Գիտության պետական կոմիտեի 2013թ. կազմակերպած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման» երկամյա գիտական դրամաշնորհային մրցույթի հայտերը գնահատած փորձագիտական խորհրդի անդամներից մի քանիսը նաեւ շահառուների ցանկում են, ու ԿԳ նախարարությունն ու Գիտության պետական կոմիտեն հրաժարվում են հրապարակել փորձագետների անունները՝ առանց հիմնավորելու, թե որ իրավական ակտն է սահմանում նրանց գաղտնիությունը:
«Գիտության պետական կոմիտեն ինձ զեկուցել է, որ ամբողջությամբ պատասխանել է «Հետքի» հարցադրումներին, ես եւս ծանոթացել եմ հոդվածին: Լավ, ասենք հրապարակեցին փորձագետների ցանկը, ի՞նչ է սկսվելու դրանից հետո… ճնշումներ կլինեն փորձագետների վրա, խոսելու, կաշառելու փորձեր, ո՞ր ինչ, ցանկը հրապարակելու իմաստը ո՞րն է: Կարող ենք խոսել, որ մեխանիզմը կատարյալ չէ: Դա ուրիշ հարց է: Բայց նկատենք, որ կա գիտափորձաքննական օրենքի նախագիծ, ինչը Ազգային ժողովում սպասում է իր հերթական՝ երկրորդ ընթերցմանը: Փորձաքննության մասին օրենքով կկարգավորվի այդ ամենը: Եթե օրենքը դեռ չկա, չլինի՞ մրցույթ, հրապարակենք անունները, որ փոքր երկրում բոլոր գտնեն իրար ու սկսեն խնդրե՞լ: Էլ իմաստը ո՞րն է օբյեկտիվ համակարգ ներդնելու փորձի: Այլ հարց է, որ օրենքը պետք է լիներ ավելի շուտ, հուսամ՝ այն կանցնի երկրորդ ընթերցումը, կմնա խմբագրական երրորդը, եւ օրենսդրական բացը կլրացվի»,- հայտնեց Արմեն Աշոտյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.01.2015