ՀՀ վաստակավոր արտիստ Ռուզան Գասպարյանը
որոշ «տարօրինակություններ» ունի
Ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուզան Գասպարյանն այն արվեստագետների թվում է, որ խուսափում է լրագրողներից, բայց հանդիպումն, այնուամենայնիվ, կայացավ: Մասնագետների բնորոշմամբ՝ Ռուզան Գասպարյանը սպասված ու ցանկալի դերասանուհի է ցանկացած ռեժիսորի համար, նա անվրեպ է իր կերպարների մեկնաբանությունների մեջ: Դերասանուհին յուրաքանչյուր դեր դարձնում է իրենը ու այնպես մարմնավորում, որ ոչ միայն հանդիսատեսին, այլեւ մասնագետներին մի պահ թվում է, թե այդ դերը հենց նրա համար է, որ դրամատուրգը, անկախ ազգային պատկանելությունից, կերպարը գրելիս նկատի է ունեցել հենց Ռուզանի խաղը: Նա վստահելի խաղընկեր է, օգնում ու լրացնում է խաղընկերոջը: Արտիստի կողմից հնչեցրած յուրաքանչյուր բառ իմաստավորված է: Թատրոնի մարդիկ ու հիմնականում դերասանուհու խաղընկերները դա բացատրում են նրա՝ դրամատուրգիայի իմացությամբ՝ ոչ միայն հայ դասական ու ժամանակակից, այլեւ ռուսական ու արեւմտաեվրոպական: Ասվածների մեջ համոզվեցինք՝ դիտելով դերասանուհու մասնակցությամբ ընթացիկ թատերաշրջանում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած երկու պրեմիերաները՝ Ռիչարդ Բայերի «Չորս պատճառ ամուսնության համար» (ռեժիսոր՝ Անուշ Սարգսյան) եւ Թամար Հովհաննիսյանի սցենարով եւ ռեժիսուրայով «Վերջին կանգառը»:
«Առավոտի» հետ զրույցում դերասանուհին նշեց, որ ընթացիկ տարին իր համար հոբելյանական է ե՛ւ ծննդյան, ե՛ւ բեմական-ստեղծագործական առումով: Նա 35 տարի բեմում է: Ռուզան Գասպարյանը հիշեց Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում ուսումնառության տարիները, աշխատանքը Սունդուկյանի անվան, ապա Պատանի հանդիսատեսի թատրոններում, հետո էլ 1994-ից՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Ասաց, որ Ղափլանյանի վերջին երկու բեմադրություններում բախտ է ունեցել խաղալու՝ Սունդուկյանի «Խաթաբալայում»՝ Մարքրիտ, Ռիբակովի «Արբատի զավակներում»՝ Վարյա:
Մեր զրուցակիցը անուն առ անուն հիշատակեց անվանի կոլեգաների անունները, որոնց հետ բեմ է բարձրացել…
Կարդացեք նաև
Հարցին, թե «տնից տուն» տեղափոխվելը (նկատի ունենք 3 թատրոնները) ստեղծագործական կյանքի վրա չի՞ ազդել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհակառակը, սկզբում Հրաչյա Ղափլանյանն էր, հետո՝ Խորեն Աբրահամյանը, իսկ Պատանի հանդիսատեսում՝ Երվանդ Ղազանչյանը: Պատանի հանդիսատեսում քիչ եմ աշխատել, եւ հենց պարոն Ղազանչյանն էլ կոմեդիայի թատրոն գալով՝ 1994-ին ինձ բերեց իր հետ: Ղազանչյանական ռեժիսուրայով բեմադրություններում թե՛ ժամանակին, թե՛ հիմա էլ մեծ սիրով եմ հիշում ու խաղում: Օրինակ՝ Պատանի հանդիսատեսում Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանում» (Նենե), Կոմեդիայի թատրոնում՝ Արիստոֆանեսի «Լիսիստրատեում» (Միռինե), Պարոնյանի-Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյանում» (Սոֆի) եւ այլն»: Կատակեցինք, թե հնչեցնում է միայն կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարի աշխատանքները, Ռուզան Գասպարյանը կատակը լուրջ ընդունելով՝ սկսեց հիշատակել մյուս աշխատանքները, այդ թվում՝ Անուշը՝ Պարոնյանի «Պաղտասար ախբարում» (ռեժիսոր՝ Անուշ Սարգսյան), Մելլին՝ Ֆիգերեյդոյի «Եզոպոսում» (ռեժիսոր՝ Գոհար Հարությունյան) եւ այլն, սակայն թվարկումը եզրափակեց դարձյալ Ղազանչյանի բեմադրությամբ՝ Նորայր Ադալյան՝ «Լոմբարդ»:
Դերասանուհին հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, ԱՄՆ-ում, Իրանում, Թբիլիսիում, Մոսկվայում եւ այլուր: Նրան հարցրինք՝ իր ճանաչված կոլեգաներից ոմանք ընտրեցին տաքուկ երկրները, իսկ ինչո՞ւ ինքն իրեն թույլ չտվեց դա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վատ տարիները չկարողացան կոտրել ինձ: Իմ սերը, եթե կուզեք իմանալ՝ ամեն ինչը թատրոնն է…»:
Իսկ թե ինչո՞ւ է, այնուամենայնիվ, խուսափում լրագրողների հետ հանդիպումներից, մեր զրուցակիցն ասաց. «Ես սիրում եմ լինել բեմում, հետո արդեն՝ չերեւալ: Օրինակ՝ ուշ եմ դուրս գալիս, որ հանդիսատեսն արդեն հեռացած լինի թատրոնից, ու նման այլ բաներ: Եթե սրանք կդիտվեն իբրեւ տարօրինակություն, թող այդպես լինի: Ես այսպիսին եմ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ռուզան Գասպարյանը՝ Բորիս Պեպանյանի (ձախից) եւ Ավո Խալաթյանի հետ՝ «Լոմբարդ» ներկայացման պրեմիերայից հետո:
«Առավոտ» օրաթերթ
28.01.2015