Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիմպիական խաղերի ռեալ մեկ ուղեգիր եմ տեսնում, բայց պայքարելու ենք երեքի համար»

Հունվար 29,2015 13:30

Մրցաշրջան-2014-ը Հայաստանի սպորտային մարմնամարզիկների համար հաջող ընթացավ: Հայ մարմնամարզիկները միջազգային տարբեր մրցումներում գրանցեցին բարձր արդյունքներ: Մասնավորապես, աշխարհի գավաթի խաղարկությունում մեր երկիրը ներկայացրած չորս մարզիկները պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին երեք ոսկե եւ մեկ արծաթե մեդալ. Հարություն Մերդինյանը` նժույգ թափ, Արթուր Թովմասյանը` օղակներ, Արթուր Դավթյանը` հենացատկ, բարձրացան պատվո պատվանդանի առաջին աստիճան, իսկ Դավթյան Վահագնը օղակներում նվաճեց արծաթե մեդալ: Թեեւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մեր մարմնամարզիկները միավորների աննշան տարբերությամբ զիջեցին հաղթողներին եւ մեդալի չարժանացան, սակայն նրանց մասնակցությունը վարպետության եւ ցույց տված արդյունքների առումով շատ բարձր էր աշխարհի մակարդակով: Բայց դա էլ Հայաստանի հավաքականի մարզիչներին արդեն չի բավարարում, եւ վերջիններն իրենց սաներից մի քանիսին այսօր տեսնում են մեդալակիրների շարքում:

«Առավոտը» զրուցել է սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ:

– Պարոն Սերոբյան, անցած տարվա ձեռքբերումներն անցյալում են մնացել: Մեկնարկել է նախաօլիմպիական 2015 թվականը: Հավաքականի տղաները երբվանի՞ց են սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

– Տարին սկսեցինք հունվարի 10-ից 22-ը Ծաղկաձորում ընդհանուր ֆիզպատրաստականության հավաքով: Հիմա մենք պետք է մեկնեինք ԱՄՆ եւ մասնակցեինք Ալբերտ Ազարյանի մրցանակների խաղարկությանը, որը կազմակերպել ու մեզ հրավիրել էր մեր լեգենդար մարզիկի որդին՝ նույնպես օլիմպիական չեմպիոն Էդուարդ Ազարյանը: Սակայն անհասկանալի պատճառներով ԱՄՆ դեսպանատունը մեր պատվիրակության հինգ անդամներից չորսին մերժեց՝ այդ երկիր մուտքի վիզա տրամադրելով միայն ինձ: Հասկանալի է, ես էլ, որ հրավիրված էի որպես մրցավար, չեմ մեկնել:

– Փաստորեն, տարին սկսեցիք ձախողումով, որն արհեստականորեն ստեղծեց ԱՄՆ դեսպանատունը: Շարունակությունն ի՞նչ է լինելու:

– Մարտի սկզբին կայանալու է Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կորոշենք, թե ովքե՞ր կմեկնեն այս տարվա առաջին գլխավոր մեկնարկ` Եվրոպայի առաջնություն: Դրանից առաջ` մարտի վերջին, Դոհայում ունենք աշխարհի գավաթի խաղարկությունը առանձին գործիքներից, որին մասնակցելու է հայաստանցի չորս մարմնամարզիկ: Մրցումների ավարտից հետո նպատակ ունենք անվճար մնալ հավաքի Քաթարում: Այդ հարցում մեզ կօգնի մեր նախկին մարմնամարզիկ Էդուարդ Գեւորգյանը, որն աշխատում է այնտեղ: Մենք մեկ անգամ արդեն նման բան արել ենք` հյուրընկալվելով նրա տանը: Ապրիլի 8-ին կվերադառնանք Հայաստան ու օլիմպիական կոմիտեի աջակցությամբ անմիջապես կմեկնենք Ֆրանսիա` վեց մարզիկով մասնակցելու Մոնպելյեում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Դրան կհաջորդեն միջազգային մրցումներ, որից հետո կայանալու է աշխարհի առաջնությունը` հոկտեմբերին, Գլազգոյում, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի ուղեգրեր:

– Մեր հանրապետությունը ովքե՞ր կներկայացնեն աշխարհի առաջնությունում:

– Մինչեւ աշխարհի առաջնության մասին խոսելը ասեմ, որ օլիմպիական կոմիտեն խոստացել է աշխարհի առաջնության շեմին հավաքականի համար շուրջ 10-օրյա հավաք կազմակերպել որեւէ երկրում, որտեղ կան համաշխարհային ստանդարտներին համապատասխանող մարզումային պայմաններ: Ինչ վերաբերում է վարկանիշային ուղեգրերին, առայժմ դրանց որոշման կարգը որոշ բաներով դեռ անորոշ է: Մի բան հիմա կարող եմ ասել. առանձին գործիքների վրա մրցանակային եռյակները միանշանակ ուղեգիր են տալու: Իսկ բազմամարտիկների համար, կարծում եմ, տեղում պարզ կդառնա:
Բազմամարտի վարկանիշային մեկ մրցում էլ կլինի եկող տարվա հունվարին, որից հետո կկազմվի Ռիոյի օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի մասնակիցների վերջնական ցուցակը:

– Օլիմպիական քանի՞ ուղեգրի սպասելիք կա:

– Եթե ճիշտն ասեմ, ռեալ` մեկ: Խոսքը բազմամարտիկ Արթուր Դավթյանի մասին է, որի հնարավորությունները դա թույլ են տալիս: Բայց մեր մյուս երկու մարմնամարզիկ էլ պայքարելու են առանձին գործիքների վրա: Ճիշտ է, աշխարհի առաջնությունում մրցանակային եռյակ մտնելը շատ դժվար է, բայց այնպես չի, որ մենք հույս չունենք: Տղաները պայքարելու են:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031