Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի պահանջատիրության առումով»

Հունվար 29,2015 13:00

Հրանտ Մելիք-Շահնազարյանը սխալ է համարում
ԱՄՆ նախագահի խոսքերը գլխավոր նպատակ դարձնելը

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին հարյուր օրից էլ քիչ է մնացել, գործելու ժամանակը քիչ է: Մենք մեր հույսը դրել ենք հարյուրամյակի՝ հենց այդ օրվա վրա, արժե՞ այդպես տրամադրվել, որ ամեն ինչ հենց այդ օրն է որոշվելու, եւ արդյոք մենք անո՞ւմ ենք ամեն ինչ, որ ամեն ինչ այդ օրը որոշվի: «Առավոտի» հարցին պատասխանելով՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հետեւյալն ասաց. «Ես չէի ասի, որ մեր հույսը դրել ենք հարյուրամյա տարելիցի վրա: Հայաստանի իշխանությունները ամենաբարձր՝ նախագահի մակարդակով մի քանի անգամ նշել են, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը նշելը ինչ-որ հանգրվան չէ, եւ դրանից հետո Ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ջանքերը պետք է դադարեն: Ո՛չ, սա պարզապես կլոր տարի է, հիշատակման տարի, ու դրա հետ կապված միջոցառումներն ավելի ինտենսիվ ու ակտիվ են լինելու: Իսկ ինչ վերաբերում է հայկական հարցին, ապա ես վստահ եմ, որ հաջորդ տարիներին նույնպես դա լինելու է ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգերից մեկը»:

Հաջորդ հարցին էլ՝ կարո՞ղ ենք կանխատեսել, որ ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ կարտասանի Armenian Genocide, ինչը նշանակում է Հայ Դատի եւ Հայոց ցեղասպանության ԱՄՆ պաշտոնական ճանաչում, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Ինձ համար մեկ է՝ Օբաման կասի՞ Armenian Genocide, թե՞ ոչ, ես նաեւ սխալ եմ համարում գլխավոր նպատակ տեսնելը՝ ԱՄՆ նախագահը կասի՞ այդպես, թե՞ ոչ: Կարեւորը ոչ թե բառերն են, այլ այն գործողություններն ու քաղաքական գործընթացները, որ պետք է լինեն եւ հետեւեն Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Կարեւոր է նաեւ Թուրքիայի հնարավոր ակտիվությունը՝ մեր տարածաշրջանում լինելու տեսակետից»:

Մյուս հարցին՝ մո՞տ է իրական պահանջատիրության մեր ժամանակը, մեր հողերի ու փողերի, սեփականության, նյութական ու բարոյական կորուստների փոխհատուցման, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ ներկայիս գործընթացներից ելնելով՝ կարելի է ասել, որ փոխհատուցման հետ կապված խնդիրները բավականին շատ են եւ դեռեւս լուծման խնդիր ունեն:

Ըստ քաղաքագետի. «Այս փուլում Հայաստանը հասնում է միջազգային ճանաչման եւ դատապարտման, բավականին ակտիվ տեմպերով է դա տեղի ունենում, սակայն փաստ է, որ Թուրքիան դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ բոլոր մնացած այն պետությունները, որոնք արդեն ճանաչել են, ջանք չեն ներդնում, որ Թուրքիային ստիպեն հետ կանգնել իր մերժողականության քաղաքականությունից: Մինչեւ Թուրքիան չճանաչի, փոխհատուցման խնդիրներին անդրադառնալը բավականին շուտ կլինի: Չնայած հայկական պահանջատիրության մեջ ամեն ինչ առկա է, եւ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ ամեն ինչ աներ, ակտիվ աշխատեր պահանջատիրության ու փոխհատուցման խնդիրները լուծելու ուղղությամբ»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031