Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի՝ դեկտեմբերի 28-ի լիագումար նիստում որոշվեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների՝ ձայնի իրավունքի հարցը:
Մինչ քվեարկությունը ԵԽԽՎ պատվիրակները Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ վարած քաղաքականության թեմայով բավականին խիստ ելույթներ ունեցան: Անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերն իր ելույթում պատվիրակներին կոչ արեց «կողմ» քվեարկել ՌԴ պատվիրակության դեմ պատժամիջոցները շարունակելու մասին բանաձևին: Պատվիրակը մասնավորապես նշեց. «Ինչո՞ւ հիմա պետք է վերականգնենք ՌԴ պատվիրակության իրավունքները. Ռուսաստանը դեռ շարունակում է ոտնահարել ԵԽԽՎ հիմնարար սկզբունքները: Վերջին ամիսներին կատարվածը ցույց է տալիս, որ Ռուսաստանն իր քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարել»:
Պատվիրակներից շատերը միացան Ռոբերտ Վոլտերի հնչեցրած կարծիքներին: Նրանցից շատերը հայտարարեցին, թե Ռուսաստանի պատվիրակության դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն մինչև այդ երկիրը ցույց չտա, որ իրավիճակն ու իր քաղաքականությունը փոխում է:
Պատվիրակներից շատերը նկատեցին, որ ինը ամիսը Ռուսաստանին բավարար էր փոխելու համար իր քաղաքականությունը, ինչը նա չարեց: Այդ իսկ պատճառով հարց բարձրացրին, թե «ՌԴ պատվիրակության իրավունքները վերականգնելուց հետո ի՞նչ պատասխան են տալու եվրոպական արժեքներին այդպես հավատացող ուկրաինացիներին»:
Կարդացեք նաև
Հատուկենտ կարծիքներ հնչեցին նաև այն մասին, որ պետք է վերականգնել ՌԴ պատվիրակության ձայնի իրավունքը՝ երկխոսություն ապահովելու նպատակով:
ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը իր ելույթում ակնարկեց, թե հնարավոր է երկխոսության բացակայության դեպքում ՌԴ-ն դուրս գա ԵԽԽՎ-ից: Նա հարց հնչեցրեց՝ արդյոք ԵԽԽՎ-ի, Ուկրաինայի կամ ՌԴ-ի համար ձեռնտո՞ւ է այն, որ ՌԴ-ն չհամագործակցի Վեհաժողովի հետ: Ուստի կոչ արեց այս հարցը հաշվի առնելով մասնակցել բանաձևի քվեարկությանը:
ԵԽԽՎ-ն քվեարկության դրեց ՌԴ պատվիրակության՝ Վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկությունում մասնակցության իրավունքի չվերականգնման մասին զեկույցը: Վեհաժողովը ձայների 160 «կողմ», 42 «դեմ», 11 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը: ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը կշարունակի զրկված մնալ ձայնի իրավունքից:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներից քվեարկությանը մասնակցել են` Նաիրա Կարապետյանը, Հերմինե Նաղդալյանը և Մհեր Շահգելդյանը: Նրանք քվեարկել են «ձեռնպահ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ