Հունվարի 27-ին Նոյեմբերյանի տարեցների տանը քաղաքի վետերանները ներկայացրին իրենց մտահոգությունները քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին այն մասին, որ Նոյեմբերյանը դուրս է մնացել սահմանամերձ, որոշակի արտոնություններ ունեցող համայնքների ցանկից: Այդ ցանկում տեղ է գտել 31 համայնք, որոնցից 24-ը՝ Տավուշի մարզից,դրանից 8-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանից: Տարեցներն ասացին, որ Նոյեմբերյան քաղաքը հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին բազմիցս հրետակոծվել է, դրա հետեւանքով Նոյեմբերյան քաղաքի տարածքում զոհվել է 18 մարդ, եւս 3 մարդ զոհվել է սահմանամերձ Գոգվելի տեղամասում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ:
Քաղաքապետն ասաց, որ 1997թ. կառավարության որոշմամբ Հայաստանի շուրջ 400 բնակավայր համարվել է սահմանամերձ: 2014թ. կառավարությունը սահմանամերձ, վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից գնդակոծված 31 համայնքներին ազատել է հողի հարկից, դրանց բնակիչների համար բնական գազի եւ էլեկտրաէներգիայի վարձի զեղչեր սահմանել: Քաղաքապետն ասաց, որ Նոյեմբերյան քաղաքը վերջին 5 տարվա ընթացքում չի հրետակոծվել կամ գնդակոծվել:
Նա հայտնեց, որ Նոյեմբերյանին սահմանամերձ, արտոնություններ ունեցող համայնքի կարգավիճակ շնորհելու է հարցը ինքը երկու անգամ քննարկել է քաղաքի ավագանու անդամների հետ, այդ խնդրով դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, սակայն վերոհիշյալ պատճառով հարցը լուծում չի գտել: Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ համայնքների վարչական տարածքների ճշգրտման գործընթացի արդյունքում Գոգվելի տեղամասը,որպես Նոյեմբերյանի վարչական տարածքի 2-րդ հատված, կառավարության որոշմամբ հանձնվել է Բերդավան համայնքին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ