Ամերիկյան «Հերիթեյջ ֆաունդեյշըն» (The Heritage Foundation) կազմակերպության այս տարի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս 2015» զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում ուշագրավ դիտարկում է ներկայացրել`«2014 թվականին Հայաստանի նախագահը ազատվել է մի քանի հայտնի բարեփոխիչներից, ձեւավորվել է նոր կաբինետ, որում ներառել է պաշտոնյաների, որոնք հարստացել են իշխանական կապերի արդյունքում, իսկ ֆինանսների նախարարը լրատվամիջոցների կողմից վաղուց մեղադրվում է կոռուպցիայի մեջ»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի մարտին Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց եւ վարչապետի «աթոռը» զիջեց Հովիկ Աբրահամյանին, որն էլ նոր կառավարություն ձեւավորեց:
«Դա նրանց գնահատականն է, որը ես անձնապես չեմ կիսում, ո՞վ է այդ բարեփոխիչն եղել, ընդհանրապես, չեմ էլ հիշում այս 25 տարվա մեջ` Հայաստանում բարեփոխիչ եղե՞լ է, թե` ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց միջազգային կազմակերպության կարծիքին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Մեր ակնարկին` գուցե` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյա՞նն է, կամ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող էր 25 տարվա անկախ Հայաստանի պատմության մեջ համարվել բարեփոխիչ. նրա կառավարման օրոք մեր երկրում տնտեսական երկնիշ աճ է գրանցվել, պարոն Մելքումյանն ասաց. «Հիմա դա չենք քննարկում, տնտեսական արդյունքները գնահատվում են ցուցանիշներով, անկախ նրանից, դու բարեփոխիչ ես, թե` ոչ: Քոչարյանի ժամանակ աղքատությունը կրճատվել է, երկնիշ աճ է եղել, բայց բարեփոխիչ ասելով, ես ոչ թե անձնավորում եմ, այլ ցուցանիշներով եմ ասում: Ձեր նշած Տիգրան Սարգսյանի կամ մյուսների ժամանակներում բարեփոխիչի էֆեկտը չի երեւացել:
Կարդացեք նաև
Պարոն Մելքումյանի խոսքերով` հնարավոր է Տիգրան Սարգսյանի ցանկութունները դասագրքային կամ մեթոդական առումով համապատասխանել են միջազգային նշված կառույցի մոտեցումներին, բայց կամք չի ունեցել մինչեւ վերջ այդ ցանկություններն իրականացնելու. «Քաղաքական կամք, ասենք` նրանք կոչվել են վարչապետ, կամ եսիմ ինչ նախարար, բայց նրանց կշիռը քաղաքական որոշումների կայացման` համարյա զրոյական է եղել»:
ԲՀԿ պատգամավորի դիտարկմամբ` Հայաստանում աշխատում է ոչ թե բարեփոխիչի ինստիտուտը, այլ` քաղաքական որոշման վրա ազդեցության չափը: Միքայել Մելքումյանը հիշեցնում է, որ նշված բարեփոխիչների թիմից է եղել նաեւ Վաչե Գաբրիելյանը. «Տեսեք` նրա պաշտոնը բարձրացել է, փոխվարչապետ է դարձել, հիմա նրանց ասածը մենք ո՞նց հասկանանք: Այստեղ այլ, ուրիշ չգրված օրենքներ են»:
Մելքումյանն ասաց, որ ասենք` Հարվարդի համալսարանում տնտեսագիտություն սովորելով, հնարավոր չէ այդ դասական կանոնները Հայաստանում կիրառել: «Պետք է ծանոթ լինեն Հայաստանի բիզնես կյանքին, քաղաքական դաշտին, սպառողի պահանջին, առեւտրի ոլորտի կանոններին: Ասենք`եթե խոշոր սուպերմարկետն ասում է` ես քո ապրանքը կիրացնեմ, բաց դու իմ մրցակցին չտաս, սա օրինակ է ուղղակի, աշխարհում չկա նման բան: Այդ հիմնադրամը տեղյա՞կ է այստեղ ինչ տիպի հարաբերություններ են, որ գնահատական էլ տա»,-ասաց պարոն Մելքումյանը:
Պատգամավորի դիտարկմամբ` կառավարություն փոխվեց, նախկինները գնացին, եկան ուրիշները, բարի ցանկություններով սկսեն ռեֆորմներ անել, բայց. «Մենք հասկացել ենք հետեւյալը, որ այսօրվա քաղաքական իշխանության բովանդակությունն ու առանձնահատկությունն այնպիսին է, որ որքան էլ ուզենան բարի ցանկություններով ռեֆորմներ անել, դա չի աշխատում, էֆեկտ չի տալիս, եթե կորում է վստահությունն ընդհանուր իշխանության նկատմամբ: Ինչքան էլ ուզում ես` ասա, եթե վստահություն չկա, ներդրողը չի գալու փող դնի այստեղ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ