Հոկտեմբերի 27-ի գործով Կարեն Դեմիրճյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը կարծում է, որ «27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչ Էդուարդ Գրիգորյանը՝ որպես պետության դեմ հանցագործություն կատարած անձ, պետք է զրկված լինի բոլոր, այդ թվում շփվելու իրավունքից:
Հիշեցնենք, որ 2014 թվականից Էդուարդ Գրիգորյանը facebook-ի ակտիվ օգտատեր է ու նույնիսկ «Հոկտեմբերի 27-ի» գործով համացանցում իր «բացահայտումներն» է տարածում:
Փաստաբան Աշոտ Սարգսյանը Aravot.am-ին ասաց, թե ինքը տեղյակ չէ իրավական ինչ հիմքով է ահաբեկիչը օգտվում սոցցանցերից, եթե համապատասխան պետական մարմնից ստանա facebook-ից օգտվելու թույլտվության հիմքը, կկարողանա ավելի մանրամասն անդրադառնալ հարցին: Նա միայն ասաց, որ Դեմիրճյանների ընտանիքում ահավոր վրդովմունք է առաջացրել ահաբեկչի facebook-ի էջն ու դրանից օգտվելու թույլտվությունը:
«Իրավացի է նրանց վրդովմունքը, ի՞նչ է նշանակում մարդը, գտնվելով ազատազրկման վայրում, հանգիստ կարող է օգտվե՞լ ամեն ինչից:
Կարդացեք նաև
Դժվա՞ր է արգելափակել նրա էջը կամ ի՞նչ է նշանակում՝ միջնորդավորված է օգտագործվում նրա էջը: Նա պետության դեմ հանցագործություն է կատարել: Դե որ շփվելը սահմանադրական իրավունք են համարում, թող Հունանյան եղբայրներին էլ թույլատրեն, հետո՞: Էնքան մարդ կա, որոնց օրինական իրավունքներից զրկել են, թող էդ մեկին էլ զրկեն»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկի մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի պարզաբանմանը, թե Էդուարդ Գրիգորյանի facebook-ի էջը վերահսկում են ու դա օգտագործվում է միջնորդավորված եղանակով:
Փաստաբանը Էդուարդ Գրիգորյանին մտաբերեց նաեւ դատավարությունից. «Որ նայում էիր դրա խղճուկ տեսքին, որը ահաբեկչության կեսից խնդրում էր մարդկանց, թե ասեք՝ ես ոչինչ չեմ արել ու 15 տարի անց նորից միջնորդավորված ոգեւորված քաղաքական վերլուծություններ է անում: Նայում ես լրիվ տարբեր անձնավորություններ են: Դու ո՞վ ես, որ քաղաքական վերլուծություն անես, չէ՞ որ դու բժիշկ ես: Երեւի թե էնքան կապեր ունի, որ տիրապետում է Հայաստանում քաղաքական իրավիճակին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ