Պոլսո հայոց պատրիարքությունը «Հովակիմ 1461» անունով հիմնադրամ է ստեղծել, որպեսզի պաշտոնապես իրավաբանական անձի կարգավիճակ ստանա, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Հիմնադրամի անունը դրվել է առաջին պատրիարքի՝ Հովակիմ Պրուսացու պատվին, 1461-ը նրա այդ պաշտոնը ստանձնելու թիվն է (1461-1478թթ.):
Ստամբուլի 22-րդ առաջին ատյանի քաղաքացիական դատարանը գրանցել է հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհուրդը կազմվելու է պատրիարքության 10 անդամներից՝ պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի գլխավորությամբ:
Պատրիարքությունը ֆինանսական հարցերը կկարգավոր «Հովակիմ 1461»-ի միջոցով: Հիմնադրամը կզբաղվի պատրիարքությանն առնչվող սեմինարների, աշխատարանների, գիտաժողովների կազմակերպմամբ, տեղեկատվության տրամադրմամբ, փաստաթղթերի և տվյալների համակարգմամբ, ամսագրերի, թերթերի և հոդվածների հրատարակությամբ: Այն նվիրատվություններ կընդունի Թուրքիայից և արտասահմանից:
Կարդացեք նաև
Հիմնադրամն իրավունք ունի ժառանգության, գնման կամ նվիրատվության միջոցով սեփականություն ձեռք բերել, ինչպես նաև թուրքական հիմնադրամների հետ համագործակցության ճանապարհով ներդրումներ կատարել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ