ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Հայկական բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայկական բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ: ՀՀ զինված ուժերի ծառայողները, չնայած բազմաթիվ դժվարություններին, իրականացնում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ քաղաքացիների արտաքին անվտանգության եւ պաշտպանության ապահովման խնդիրների լուծումը: Իրենց պարտականությունների կատարման ընթացքում ՀՀ զինված ուժերի սպաները եւ զինվորները դիմագրավում են և՛ ներքին, և՛ արտաքին բազմաթիվ մարտահրավերների:
Չնայած գործադրած ջանքերին՝ զինված ուժերում դեռեւս հաղթահարված չեն կոռուպցիոն երևույթները, լիարժեք չեն գործում զինծառայողների իրավական և սոցիալական պաշտպանության ինստիտուտները: Շարունակվում են կանոնադրական խախտումների պատճառով մարդկային կորուստները: Ցավոք, նախորդ տարի եւս ՀՀ զինված ուժերում արձանագրեցինք մարդու իրավունքների լրջագույն խախտումներ, մահացություններ, լարվածության աճ հակամարտության գոտում, որոնք շարունակվեցին մինչ այս տարի, որի հետեւանքով գրանցվեց 12 մահվան դեպք՝ այդ թվում խաղաղ բնակչի: Շարունակվում են առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչի ենթարկելու խիստ մտահոգող, արատավոր և անօրինական փաստերը:
Համեմատած նախորդ տարիների, իհարկե արձանագրում ենք նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության գործունեության թափանցիկության ու հրապարակայնության մակարդակի բարձրացում, այնուամենայնիվ դրանց արդյունքում բացահայտված խնդիրները պետք է ստանան համակարգային, և ոչ թե ժամանակավոր կամ հատվածային լուծումներ:
Կարդացեք նաև
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, վերստին շնորհավորելով Հայկական բանակի հիմնադրման 23-ամյակը, մաղթելով ՀՀ Զինված ուժերի անվանակազմին անվտանգ ծառայություն՝ հայտնում է իր հաստատակամությունը նպաստելու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների հզորացմանն ու զարգացմանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ