Պաշտպանության նախարարությունը «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի» ծառայություններից օգտվելու համար 975 հազար դրամ է ծախսել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջում տեղադրված`մեկ անձից կատարվող գնումներ բաժնից: Թե ՊՆ-ն ում համար եւ ինչպիսի բուժօգնություն է ստացել Նարկոլոգիական ուղղվածությամբ կլինիկայից՝ չի պարզաբանվում:
Պաշտպանության նախարարությանը 825 հազար դրամի բուժօգնություն է մատուցել «Սլավմեդ» բժշկական կենտրոնը:
Ընդհանրապես պաշտպանության նախարարությունը, համեմատությամբ այլ պետական կառույցների, ամենաքիչն է օգտվել մեկ անձից գնումներից, սակայն գնելիս էլ, միանգամից միլիոններ է ծախսում:
ՊՆ-ն «Չարենցավան հաստոցաշինական գործարանին» վճարել է 2 միլիոն 130 հազար դրամ` կապարակնիքներ գնելու դիմաց: Նախարարության համացանցային էջի ձեւավորման համար էլ «Զում գրաֆիքս» ընկերությանը վճարել է 2 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Արարատում հանրակացարանի վերանորոգման լրացուցիչ աշխատանքների համար պետբյուջեից պաշտպանության նախարարությանը հատկացվել է 20 միլիոն դրամ: Նախարարությունը շինաշխատանքները պատվիրել է «Արսեվ» ընկերությանը:
Վանաձորում բնակելի շենքի վերանորոգման լրացուցիչ աշխատանքների համար էլ պահանջվել է 35 միլիոն դրամ: ՊՆ-ն շինաշխատանքները պատվիրել է «Ղազումյանի գուգար» ընկերությանը:
Գրքեր տպագրելու համար նախարարությունը 9 միլիոն 911 հազար դրամ: Նախարարության գրադարանի համար գրքեր ձեռքբերելու համար էլ ՊՆ-ն Ասպրամ Ծառուկյանին վճարել է 320 հազար դրամ` գրադարանը համալրելով «Բարեւ ինչպես եք, լավ եք» գրքի 80 օրինակով: Մեկ օրինակի արժեքն է 4000 դրամ:
Դարձյալ նախարարության գրադարանի համար պետբյուջեից վճարվել է 750 հազար դրամ: Այդքան գումար նախարարությունը վճարել է Արման Ռեւազյանին` «Մաքառած» վերնագրով գրքի համար: Այս հեղինակի գիրքը ձեռք է բերվել 150 օրինակով, որի մեկ օրինակի արժեքը 5000 դրամ է:
«Բուկինիստ» գրախանութից նախարարությունը 995,700 դրամի գիրք է գնել:
Ինչ-որ առիթով ֆուրշետ կազմակերպելու համար պաշտպանության նախարարությունը 650 հազար դրամի ֆուրշետ է պատվիրել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ