«Մենք միշտ պարտվում էինք եւ էլ պարտվելու հնարավորություն չունեինք»,- հունվարի 28-ին՝ Հայկական բանակի ստեղծման օրը, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով բանակի ձեռքբերումներին եւ բացթողումներին, ասաց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Նա նշեց, որ հակառակորդը սովորել էր, որ հայկական կողմը միշտ նահանջել էր եւ որոշել էր ոչնչացնել հայերին. «Մենք այն ժամանակ հասկացանք, որ իրենք ցանկանում էին երկրորդ ցեղասպանությունը կազմակերպել, նրանք ցանկանում էին բնաջնջել մեզ, դա նրանց ծրագիրն է: Երբ ես եկա Հայաստան եւ ծանոթացա ջոկատների հետ, ես չէի հասկանում այդ մարդկանց մտածելակերպը. Զենք չկար, տաս մարդու համար երեք-չորս ինքնաձիգ էր, մնացածը որսորդական հրացաններ էին, եւ այդպես մենք պատրաստվում էինք դուրս գալ սովետական բանակի դեմ, որովհետեւ այդ ժամանակ Ադրբեջանին զորակցում էր սովետական բանակը: Իսկ իմաստն այն էր, որ այդ մարդիկ պատրաստ էին զոհվել՝ պաշտպանելով մեր հայրենիքը»:
Պարոն Տեր-Թադեւոսյանի խոսքերով՝ հայկական բանակի այսօրվա խնդիրը Հայաստանն ու Արցախը պահելն է, բայց դա չի հաջողվում, քանի որ Ադրբեջանը խախտում է բոլոր նորմերը. «Կան պատերազմի կանոններ, մի երկիր չի կարող գնդակոծել մեկ այլ երկրին: Ի՞նչն է ավելի վատ նրանից, որ մենք այսօր գտնվում ենք այսպիսի շրջափակման մեջ, Ադրբեջանը ցանկանում է թուլացնել մեզ: Մենք՝ ի տարբերություն Ադրբեջանի, համախմբված ենք, մենք գիտենք, որ պաշտպանում ենք մեր հայրենիքը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` PHOTOLUR-ի