Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ միգրանտների մի ստվար հատված Ռուսաստանում անելիք չունի»

Հունվար 28,2015 16:03

ՌԴ կառավարության հունվարի 13-ի որոշմամբ` հունվարի երկուսից Եվրասիական Տնտեսական Միության անդամ դարձած Հայաստանի քաղաքացիները աշխատանքի իրավունքով հավասարվում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիներին: «Սակայն, այն հայ քաղաքացիները, որոնց նկատմամբ այս կամ այն պատճառով ՌԴ մտնելու արգելք էր գործում, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո այն դեռևս ուժի մեջ է մնում»,– այս մասին ասել է Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում: Ինչպես տեղեկացրել է ծառայության պետի տեղակալը` անցյալ տարվանից Ռուսաստան մուտք գործելու արգելք ունեցող մոտ 3500 հայ քաղաքացիներ դիմել են ծառայությանը` ՌԴ-ում աշխատանքի թույլտվություն ստանալու համար:

Նշենք նաեւ, որ Ռուսաստանի միգրացիոն օրենքների խստացումներ են եղել, որոնց արդյունքում, այն քաղաքացիները, որոնք խախտում են կեցության ժամկետները, նրանց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանում սահմանված ժամկետից 120 օր ավելի են մնում՝ 3 տարով զրկվում են այդ երկիր մուտք գործելու իրավունքից, 270 օր անօրինական մնալու դեպքում՝ արգելքը 5 տարի է, 360 օրից ավելի մնալու դեպքում՝ 10 տարի։

Aravot.am-ը թեմայի շուրջ զրուցեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ պարզելու համար, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ արգելքները եւ միգրացիոն օրենքների խստացումները ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի վրա: Տնտեսագետը վստահեցնում է, որ միգրացիոն օրենքների խստացման պատճառով էլ հենց առաջացել են բազմաթիվ խնդիրներ: Աշոտ Եղիազարյանի խոսքով` Ռուսաստանը վաղուց էր փորձում նման խստացումներ մտցնել, իսկ ստեղծված իրավիճակում, ելնելով Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակից, բնականաբար, արագացրին գործընթացը:

«Բնականաբար միգրացիոն այդ ռեժիմը պետք է ազդեր նաեւ մեր քաղաքացիների վրա: Եվ չնայած նրան, որ Ռուսաստանում աշխատող քաղաքացիների համար օրենսդրությամբ ստեղծվել են հավասար պայմաններ, աշխատանք ստանալու առումով այսօր հայ միգրանտների համար կան լուրջ խնդիրներ: Այսինքն` մենք այստեղ գործ ունենք հետեւյալի հետ. որոշ աշխատանքային միգրանտներ ռեժիմի խստացման պատճառով մնացել են դաշտից դուրս, մյուս կողմից, որոշ միգրանտներ էլ, որոնք չեն ընկնում այդ արգելքների մեջ, Ռուսաստանում, տնտեսական դրությունից ելնելով, ունենում են աշխատանք գտնելու պրոբլեմներ, քանի որ Ռուսաստանում աշխատատեղերը կրճատվում են: Եվ կրճատվում են հատկապես այն ոլորտներում, որտեղ ավանդաբար հայ միգրանտները միշտ աշխատել են: Այս ամենի արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ աշխատանքային միգրանտների մի ստվար հատված Ռուսաստանում անելիք չունի»,-մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Եղիազարյանը:

Այս ամենը, ըստ տնտեսագետի, սպասելի էր, եւ արդյունքում Հայաստանում որոշակի սոցիալական լարվածություն եւ կենսամակարդակի անկում կարող է առաջանալ. «Բայց մյուս կողմից ուրախալի է, որ Հայաստան է բերվում աշխատուժ»:

Մեր դիտարկմանը, թե արդյոք այդ աշխատուժին հնարավոր կլինի՞ Հայաստանում ապահովել աշխատատեղերով, պրն Եղիազարյանն ասաց. «Այդ աշխատուժի համար իրացման ոլորտներ են պետք, իսկ մեր երկրում, գյուղատնտեսության ոլորտում կան չիրացված տեղեր: Դա շատ կարեւոր ոլորտ է յուրաքանչյուր երկրի համար»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031