«Բանակի առաջին հրամանը եղավ դեկտեմբերի 4-ին` պաշտպանության նախարար նշանակել Վազգեն Սարգսյանին»,- հունվարի 28-ին՝ Հայկական բանակի ստեղծման օրը, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ նախկինում գործող չորս գունդը եւ մեկ բրիգադը դարձան բանակի հենասյունները. «Այդ ժամանակ դեռ չէին գործում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հակաօդային վարչությունը, հրետանային վարչությունը, հետախուզությունը եւ այն ամենը, որոնք կամաց-կամաց փոխանցվեցին պաշտպանության նախարարությանը: Այդ կազմավորման ընթացքում անհրաժեշտ էր ստեղծել հակաօդային պաշտպանություն, ստեղծել զինված ցամաքազորային զորքեր եւ օդային զորքեր, անհրաժեշտ էր դնել հիմքերի վրա»:
Պարոն Պետրոսյանը նշեց, որ կռվի դաշտ էին գնում թրծված զորքերը՝ հետեւում թողնելով նոր զորակոչային բանակի ոչ ընդգրկուն մասին: Նա ընդգծեց, որ ընդգրկուն մասի հիմնական կորիզը կազմում էին արդեն բանակում ծառայած 40-50 տարեկան տղամարդիկ. «Այս հիմքի վրա բանակը զարգացավ եւ այսօր ունի բոլոր ժամանակակից հնարավորությունները եւ զենքերը, բոլոր տեսակի տեխնոլոգիաները եւ հնարավորությունները: Ինչպես վերեւում օդն է պաշտպանված, այնպես ցամաքում մենք միջոցներ ունենք, որոնք անհրաժեշտ են մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ