Այսօր Եռաբլուրում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հարցին՝ մենք ունե՞նք մարտունակ բանակ, որը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ պատասխանեց. «Ունենք, ունենք, ունենք»:
Մեր հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի վերջին գործողությունները, դա կարո՞ղ է մեր ներքին խնդիրների պատճառով լինել՝ նա պատասխանեց. «Պատճառով չէ, բայց ներքին խնդիրները կարող են առիթ հանդիսանալ, որ հակառակորդը ոգեւորվում է եւ մտածում է, որ ուշադրությունը ներքին խնդիրների վրա է եւ սահմանը թուլանում է: Բայց այդպես չի: Պրակտիկան ցույց տվեց, որ ինչքան էլ դիվերսիոն գործողություններ փորձեցին անել, մեր տղաներն իրենց տեղերում, իրենց դիրքերում են:
Մենք այսօր շատ ավելի լավ բանակ ունենք, շատ ավելի կռվող տղաներ ունենք, ովքեր կանգնած են, ծառայում են, քան թե մեր սերունդն է եղել: Մենք մի քիչ ուրիշ ձեւ ենք կռվել, մեր պատերազմը մի քիչ ուրիշ ձեւ է եղել: Սա շատ ավելի լուրջ պատերազմ է, շատ ավելի գրագետ: Մենք շատ ավելի գիտելիքներ եւ հոգի պետք է ունենանք, որն ունեն եւ դրանով պետք է հպարտանալ: Մեր զինվորն ունի այդ ոգին, մեր 18-20 տարեկան տղան ունի, փորձն է ցույց տալիս: Մեզանից շատ ավելի ուժեղ են, ես հպարտանում եմ դրանով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ