Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դատավորներ Մ. Հարթենյան, Լ. Գրիգորյան եւ Հ.Ենոքյան կազմով լսել է Նարինե Սարգսյանի, Հրանտ Սուվարյանի ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի, երրորդ անձ ճանաչված «Առավոտ» օրաթերթի ՝ պատվի, արժանապատվության, պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին վճռի դեմ բերված բողոքը վարույթ ընդունելու մասին հարցը:
Բողոքը բերել էին Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը, որոնք պահանջել էին բեկանել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 11-ի վճիռը:
Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունել՝ «բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու համար»:
Դատարանը բողոքը վարույթ կընդունի երկու շաբաթվա ընթացքում, երբ կողմը կրկին կներկայացնի, բայց ուղղումներով:
Կարդացեք նաև
Ի դեպ, բողոքաբեր ամուսինները խնդրել էին 16 000 պետտուրքի վճարումը հետաձգել՝ տարաժամկետել տուրքի ժամկետը, ինչը նույնպես մերժել է վերաքննիչ դատարանը:
Դատարանը կարող էր հետաձգել պետտուրքի գանձումը, համաձայն «Պետական տուրքի մասին» գործող օրենքի. առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները՝ ելնելով կողմերի գույքային դրությունից: Դատարանի որոշմամբ, բողոքաբեր կողմը չի ներկայացրել իրենց սոցիալական վիճակն արտացոլող փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ դատարանում վիճարկվելու է «Առավոտի» էլեկտրոնային կայքի այն տեղեկատվությունը, որի մասին խոսել են հավասարապես սեփականության իրավունք ունեցող երկու կողմերը:
Նախկին վարչապետի դուստրն ու խնամին պահանջում են հրապարակայնորեն հերքել, հերքման տեքստն էլ զետեղել օրաթերթում:
Պահանջներից մեկն էլ այն է, որ համապարտության ձեւով ամուսիններից հօգուտ Նարինե Սարգսյանի պետք է բռնագանձվի 100 հազար դրամ, նույնքան գումար էլ Հրանտ Սուվարյանի օգտին պետք է բռնագանձվի:
Փաստաբանին վճարվելիք գումարը նույնպես գնահատվել է փոխհատուցման գումարի չափով: