Այսօր Եռաբլուր էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գյումրիի ոճրագործությանը եւ որոշ պարզաբանումներ տվեց:
Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց, որ բազմաթիվ վարկածներ են քննարկվում. «Մեկ-երկուսը ձեր մտքով է անցնում, այնտեղ այնքան վարկածներ են քննարկվում: Քննությունն իրենից ենթադրում է որ տասնյակ վարկածներ են առաջ գալիս: Շատ ժամանակ լինում են վարկածներ, որոնք անհավանական են թվում մարդկային այս տրամաբանության մեջ»:
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հրավիրած ասուլիսում ասել էր, որ ինքն էլ ռազմաբազայում պահանջ ներկայացրել է, որ Պերմյակովին տան հայ իրավապահներին, բայց չեն տվել: Վլադիմիր Գասպարյանն այս դիտարկմանը պատասխանեց. «Իմ տեղակալը այդպիսի բան չի ասել»: Նա վստահեցրեց, որ ռուսական կողմից որեւէ ճնշում չկա իրենց վրա:
Կարդացեք նաև
Վլադիմիր Գասպարյանը կոչ արեց երեւակայական վարկածներ առաջ չքաշել, որովհետեւ ոստիկանությունը ստիպված է լինում սպառել իր ռեսուրսները, ինչպես եղավ որոնողական աշխատանքների օրը. «Հիմա նույնպես շարունակվում է: Երկու օր առաջ էլ ասում էին՝ 6 զինվոր է ավտոմատներով փախել Գյումրիի զորամասից: Չի կարելի այդպես անել եւ չի կարելի հանդուրժել այդպիսի բան: Դա ոչ միայն գործի վրա է ազդում, դա մարդկանց հոգեբանության, մտածելակերպի վրա է ազդում»:
Դիտարկմանը, որ պատասխաններն են ուշանում՝ Վլադիմիր Գասպարյանը չհամաձայնեց. «Իսկ ո՞վ է ասել, որ քննությունը 15 րոպեն մեկ ձեզ հաշվետու պետք է լինի»: Ոստիկանապետը հորդորեց չընկնել բամբասանքների եւ էմոցիաների գիրկը. «Դա ոչ մեկիս օգուտ չի բերում»:
Լրագրողները հիշեցրին գլխավոր դատախազի խոսքը, որ ռուս սահմանապահները Պերմյակովին բռնելուց հետո պետք է հայ իրավապահներին հանձնեին՝ որպես սահմանախախտ՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Այդ ամեն ինչը քննարկման, ապացուցողական կողմ ապահովելու վրա է: Իհարկե, կա այդպիսի բան: Բայց այդպիսի բաները հիմնավորումներ են պետք՝ կա օրենքի պահանջ, կա պայմանագրերի պահանջ, թողեք զբաղվենք»:
Հարցին՝ Ձեր կարծիքով, անօրինական չի՞ այն, որ Պերմյակովն այս պահին գտնվում է ռազմաբազայում՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Եկեք օրենքը թողնենք օրենքը մեկնաբանողներին»:
Նա ասաց, որ անձամբ Պերմյակովին չի տեսել ոչ էլ ցանկություն ունի տեսնելու:
Մենք ճշտեցինք ՝Գյումրիի փողոցներում տեսախցիկներ չե՞ն եղել՝ նա պատասխանեց. «Դե որ լինեին, կլինեին: Այդ ամեն ինչը նայվում է: Չի կարող լինել այնպես, որ թռուցիկ անցան, նայեցին: Եթե նույնիսկ մի խանութում, եթե նույնիսկ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան կա, դրանք առգրավվում են, եւ մարդիկ նստած ժամերով, գիշերներով նայում են այդ ամբողջ ձայնագրությունները: Դա մեծ աշխատանք է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ