Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, թե իրենք լրջորեն մտադրված են Հայաստանի օկուպացրած տարածքները հետ վերադարձնելով:
Նա պատասխանեց. «Բայց Հայաստանը տարածքներ օկուպացրե՞լ ա: Իրանք ղալլաթ են արել: Որ կհարցնեն, դու էլ ասա՝ ղալլաթ արածները էշ-էշ խոսում են: Հայաստանը հլը լիքը հող ունի, Հայաստանի հողերն են օկուպացրել»:
Լրագրողների հարցին՝ վերջին շրջանում Ադրբեջանն անընդհատ սահմանի վրա լարված է պահում, դիվերսիոն գործողություններ անում, Ձեր մտադրությունը Բաքուն գրավելու փոխե՞լ եք, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Ես ոչ թե մտադիր եմ, այլ իրանք են դրդում դրան: Ես Բաքուն գրավելու մասին չեմ խոսացել, ասել եմ գործ ունես»:
Նա լրագրողներին մեղադրեց իր բառերը խեղաթյուրելու մեջ, ավելին՝ սկսեց դաս տալ, որ նույն հարցը անընդհատ չտան, մի քիչ վերամշակեն հարցերը. «600 տարուց ավելի է, մուսուլմանները մեզ միշտ ճնշել են տարբեր առիթներով, ցեղասպանություն են արել: 89 թվից է էդ պատերազմը սկսել, դուք նո՞ր եք հիշում ու հարցնում: Գոնե հարցրեք էս քանի օրվա համար, մի քիչ լրագրողական, կոնկրետացած խոսացեք: Հունվարին մի քիչ լարվել է սահմանի վրա»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք ՝արտառոց ոչ մի բան չկա՞ այդ գործողություններում՝ նա պատասխանեց. «Հազար անգամ ավելի արտառոց վիճակներ են եղել, անցել է: Մեր բախտը մեր հետ ա: Ինձ թվում ա, բաներ են արել, պատասխանները ստացել են, լռել են, նորից կանեն՝ նորից կստանան»:
Մեր դիտարկմանը, որ արդեն ականանանետ են օգտագործում, դա արդեն կիսապատերազմական վիճակի մասին չի՞ հուշում՝ գեներալ Մանվելը պատասխանեց. «Եքա ավելի մեծ ռակետներ էլ են օգտագործում: Էդ կապ չունի, պատերազմ ա, կրակում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ