Այսօր, իհարկե, առաջին հերթին ընդունված է շնորհավորել զինվորականներին: Եվ բնականաբար շնորհավորում ենք՝ սրտանց ու խաղաղ, բարի ծառայության մաղթանքով:
Բայց Հունվարի 28-ը միայն զինվորականության տոնը չէ, քանզի որպես այդպիսին՝ այն համաժողովրդական նշանակություն ու հնչեղություն ունի: Ճիշտ այնպես, ինչպես մեր զինված ուժերն են պաշտպանում ամբողջ Հայրենիքը, սահմանների ներսում գտնվող բոլորիս՝ սկսած խաղաղասերներից, վերջացրած վիրտուալ «ֆիդայիներով»: Ճիշտ այնպես, ինչպես մեր Բանակը ամբողջ Հայաստանի անվտանգության հիմնական ու ամենահուսալի երաշխավորն է, մեր ձայնը հաստատուն ու կեցվածքը հպարտ դարձնողը:
Հետաքրքիր է հետեւել, թե տարիների ընթացքում ինչպես է, չասենք՝ փոփոխվում, ավելի շուտ՝ զարգանում հասարակության, ժողովրդի վերաբերմունքը սեփական բանակի նկատմամբ:
Մեր զինված ուժերի ամեն մի կորուստ, առանց չափազանցության, ընկալում ենք որպես մեր անձնականը ու ցավ ենք ապրում իսկապես: Եվ ինչպե՞ս կարող ես չցավել, երբ հարազատի ես կորցնում: Ո՞վ ավելի է հարազատ, քան այն երիտասարդը կամ այրը, որ ամեն օր վտանգում է իր կյանքը, որ դու խաղաղ ապրես։
Ընկալումը, իհարկե, միշտ էլ այդ է եղել՝ բովանդակության, գաղափարի առումով, պարզապես ինձ թվում է, որ հիմա շատ ավելի կտրուկ կամ սուր է այդ ամենը դրսեւորվում:
Նույն կերպ մեր բանակի ամեն մի ձեռքբերում, ամեն մի հաջող, անկորուստ գործողություն, անգամ խաղաղ, գրեթե մարզական մրցման մեջ տարած հաղթանակ, ինչպես «Տանկային բիաթլոնի» աշխարհի առաջնությունում երկրորդ տեղ գրավելն էր, շատ-շատերս կարեւոր ենք համարում, ոգեւորվում ենք այդ ամենով, համարում նաեւ մեր ձեռքբերումը:
Երկու դեպքում էլ դա հարազատությունից է գալիս: Չէ՞ որ մեր բանակը վերացական մի կազմավորում չէ, այլ մեր պետության այն ամենակարեւոր կառույցը, որի շարքերում են իմ, քո, մյուսի, երրորդի որդին, եղբայրը, հայրը, մորաքրոջ տղան, հարեւանի զավակը, ընկերը, հա, հնարավոր է, նաեւ՝ դուստրը: Չէ՞ որ մենք մեր բանակին տալիս ենք ամենը, թե՛ մարդկային, թե՛ նյութական, թե՛ բարոյահոգեբանական առումով:
Մեծ առումով մեր բանակը, որի կազմավորման 23-րդ տարեդարձն էլ նշում ենք այսօր, ժողովրդական բանակ է՝ կազմված պարզ, աշխատավոր, հողուջրին կպած մարդկանցից ու այդ մարդկանց զավակներից:
Տարիների ընթացքում, թերեւս նաեւ որեւէ հստակ գաղափարական, քարոզչական ընդգծումների բացակայության կամ ոչ այնքան նկատելի լինելու, կրթական ու դաստիարակչական համակարգված աշխատանքի թուլության պայմաններում, մի տեսակ թերահավատ կարծիք (գուցե ճիշտ է ասել՝ վերաբերմունք) էր ձեւավորվել «նոր սերնդի» նկատմամբ: Իզուր:
Մեզանից հետո եկող սերունդը հաստատ ավելի լավն է լինելու եւ ավելիին է հասնելու: Մենք ընդամենը վերականգնեցինք Հայաստանի անկախությունը: Նոր սերունդը, այսօրվա երիտասարդությունը, որ, հնարավոր է, ունի որոշ կրթական բացեր, գլխավոր ու հիմնական դասը ստանում է փաստացի պատերազմական պայմաններում եւ ստանում է այնտեղ, որտեղից սկսվում է Հայրենիքը: Ավելին՝ այդ երիտասարդությունը այսօր նաեւ հայրենասիրության դասեր է տալիս բոլորիս: Ցավոք, կյանքի գնով:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում