Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) մի խումբ անդամներ «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն էին հայտնել, որ ՀԳՄ-ից խնդրել են իրենց անձնագրային տվյալներն ու ասել, որ Մոսկվայից են պահանջում: Գրողները կատարվածը կապում էին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հետ ու նեղսրտում էին, որ իրենց ցանկանում են վերահսկել բոլոր ձեւերով:
«Առավոտի» հետ զրույցում ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը հաստատեց, որ իսկապես իրենք պահանջել են ՀԳՄ անդամների անձնագրային տվյալները եւ իսկապես դրանք Մոսկվա են ուղարկելու: Նրա խոսքով, սակայն, այդ ամենը ԵՏՄ-ի հետ կապ չունի: «Մեր գրողների միությունը Միջազգային գրական ընկերակցության անդամ է, այդ ընկերակցության նոր կանոնադրությունը հաստատելու ժամանակ հարց է առաջացել. իրենց արդարադատության նախարարությունը պահանջել է, որ լրացնեն որոշակի հարցաթերթիկներ՝ հավաստիանալու համար, որ բոլոր անդամները իրական մարդիկ են, որ կան, գոյություն ունեն: ՌԴ արդարադատության նախարարությունը ուզել է ոչ միայն անձնագրային, այլեւ գրողների այլ տվյալներ տրամադրենք: Այդ միությունը գտնվում է Մոսկվայում, միության կազմում տարբեր երկրների, այդ թվում՝ Բուլղարիայի, Մոլդովայի, Վրաստանի գրական միություններ ու կազմակերպություններ են, եւ մտահոգվելու բան չկա: Ու երբ Միջազգային գրական ընկերակցությունը ուղարկի իրենց նոր կանոնադրությունը, հավաստիանանք, որ ամեն ինչ կարգին է, նոր մենք էլ կուղարկենք մեր անդամների տվյալները: Այնտեղ կան ստեղծագործական տարբեր ծրագրեր, համաժողովներ, միջոցառումներ, որոնք Հայաստանի գրողների միության համար նույնիսկ նպաստավոր ու շահեկան են»,- տեղեկացրեց ՀԳՄ քարտուղարը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.01.2015
Ես ուղղակի չեմ հասկանում ինչու հայերը ամեն ինչ սվաղում են: Երևի դուր է գալիս, որ ինչ որ մի ռուս մուժիկ Մոսկվայից հրամաններ ուղղարկի: Առաջարկում եմ ՀԳՄ-ին ռուս գրողների տվյալները պահանջել. ասեք մենք էլ ենք միջազգային կառույց հիմնել Երևանում: Հետո տեսեք նրանց ռեակցիան ինչպիսին կլինի:
Իրո՞ք այդքան միամիտ եք, Պետրոս…
1988-ին ռազմական արտադրանք թողարկող փակ ռեժիմային ձեռնարկության փոխտնօրեն էի, կգբ-ից զանգեցին եւ խնդրեցին տրամադրել միավորման ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամների ցուցակը:
Հաջորդ օրը հետեւյալ բառերով սկսվող ելից գրությամբ՝ ՛՛Ի պատասխան Ձեր բանավոր պահանջի կից ներկայացնում եմ … ԳԱՄ ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամների ցուցակը …՛՛, որում առաջինն իմ անունն էր գրված:
Տեսնեյիք թե ի՜նչ սկանդալ առաջացավ, գբ-իստները եկան գործարան, թե՝ ՛՛այ ախպեր, քեզ ընկերավարի մի բան խնդրեցինք, մեջը մի բան չկար, Մոսկվան է խնդրել, պռոստը ձեւաթղթեր պիտի լրացնեինք…՛՛, ու նման բաներ:
Հիմա ՀԳՄ-ինն է՝ ՛՛Մոսկվան է խնդրել, պռոստը ձեւաթղթեր պիտի լրացնեն…:՛՛