Եվս մեկ բողոքի ակցիա
Հունվարի 29-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց է կայանալու՝ «ԵԱՀԿ-ն՝ Ադրբեջանի ագրեսիայի լուռ հովանավոր» խորագրով, որի կազմակերպիչը հրապարակախոս, հասարակական գործիչ, քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանն է: Պատասխանելով «Առավոտի» հարցերին, թե ովքե՞ր են մասնակցելու այդ ակցիային, ինչո՞ւ որոշեցին հիմա այն կազմակերպել, ո՞րն է դրա նպատակը, արդյոք ակցիայի միջոցով ինչ-որ բանի կհասնե՞ք, Կարեն Վարդանյանն ասաց, որ ակցիային կմասնակցեն բոլոր ցանկացողները: Նրա փոխանցմամբ՝ «Ակցիան որոշվեց հիմա կազմակերպել, որովհետեւ ամեն օր հրադադարի խախտումներ են լինում, իսկ այդ կառույցը իր գործը չի անում: Ռուսական կողմին ու իշխանություններին մեղադրողներն էլ շատ են, բայց ոչ մեկը, չգիտես ինչու, չի համարձակվում ԵԱՀԿ-ին մեղադրել: Ակցիայի ժամանակ կլինեն մի շարք մարդիկ, քաղաքացիներ, լրագրողներ, ազատամարտիկներ, հիմնականում՝ ազգային մտածելակերպ ունեցողները»:
Հարցին՝ իսկ եթե բախումներ լինե՞ն, արդյոք պե՞տք է այդ լարվածությունը, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ պատասխանեց. «Կարծում եմ՝ արեւմտամետներ չեն գա ԵԱՀԿ-ի դեմ, հետեւաբար բախումներն էլ բացառվում են: Բացի այդ՝ ոստիկանությանն էլ կհրավիրեմ, որ կարգուկանոնը հսկեն: Արդյունավետությունն էլ միայն ակցիայից հետո կերեւա»:
Կարեն Վարդանյանի ձեւակերպմամբ՝ «տարիներ շարունակ Արցախի հիմնախնդրի հարցում մեր հույսը դրել ենք մի կառույցի վրա, որը փաստացի ոչինչ չի անում, չի կարողանում, մենք էլ դոփում ենք տեղում, իսկ այսպես հարցը չի լուծվի», այդ պատճառով էլ նա որոշել է հարցը դարձնել օրակարգային, իշխանություններին ցույց տալ, որ նման հասարակական պահանջ կա, եւ որ կարելի է մտածել նաեւ այլ տարբերակների մասին, ոչ թե կառչել մեկ անօգուտ ու անիմաստ կառույցից: Իսկ որպես օրինակ՝ Կարեն Վարդանյանը խորհուրդ տվեց նայել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կայքն ու տեսնել, թե այն երբ է թարմացվել վերջին անգամ, որն է վերջին նորությունը, ինչն էլ ցույց կտա, թե ինչպես են նրանք աշխատում:
Հաջորդ հարցին էլ՝ մի տեսակ «ընդունված» է քաղաքական ակտիվիստներին վախեցնել էժան միջոցներով, ծեծել, իրենք նման բաներից չե՞ն վախենում, Կարեն Վարդանյանն ասաց. «Ինչո՞ւ պիտի վախենամ, բացի այդ, չեմ հավատում, որ հենց այնպես մարդուն կծեծեն: Այս միջոցառումը ներքաղաքական չէ, հակաիշխանական չէ, իշխանափոխության կոչեր չեն լինելու, որովհետեւ ես ինքս նման բանի կողմնակից չեմ, իմ հայացքներով ընդդիմադիր չեմ, ընդամենը ուզում եմ իշխանությունների ուշադրությունը հրավիրել տվյալ հարցի վրա: Ես չեմ հավատում, թե ուղղակի քաղաքական հայացքների համար մեզ մոտ մարդ կծեծեն, եթե հայհոյանքների համար ծեծը նկատի ունեք, ապա ինքս սկզբունքորեն դեմ եմ հայհոյելուն, անձնական վիրավորանք հասցնելուն: 14 տարի աշխատել եմ որպես լրագրող, քաղաքական մեկնաբան եւ այս ընթացքում, հատկապես վերջին տարիներին բազմիցս հանդես եմ եկել նաեւ իշխանություններին քննադատող հոդվածներով (խոսքս կառուցողական քննադատության մասին է, այլ ոչ թե վիրավորանքների) եւ չեմ հիշում որեւէ դեպք, երբ իմ հանդեպ ինչ-որ հնարքներ կիրառվեն»:
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.01.2015