Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանոնադրության մեջ «հաշմանդամ» բառը նշում են ու փորձում գումարնե՞ր պոկել

Հունվար 28,2015 15:30

Միջազգային դոնորներից կախվածությունը հասարակական կազմակերպությունների գործունեության համար այսօր ամենամեծ խնդիրներից է դարձել: Հատկապես տուժում են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող հ/կ-ները, քանի որ դոնորները սկսել են ավելի կոնկրետ ուղղվածությունների համար աջակցություն ցուցաբերել: «Առավոտի» հետ զրույցում հաշմանդամություն ունեցող երեխաների հարցերով զբաղվող «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանն ասում է, որ դոնորների ռազմավարությունը տարածաշրջանների նկատմամբ շատ փոփոխական է դարձել, եւ դրանից ելնելով էլ կրճատվել է միջազգային աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին: Ըստ նրա՝ ներկայումս դոնորական աջակցությունն ավելի կոնկրետ ուղղվածության է գնում՝ ժողովրդավարության զարգացում, մարդու իրավունք, ինչը կոնկրետ խմբի շահերը պաշտպանող կազմակերպությունների համար դարձել է խնդիր:

«Մեր երկրում դեռեւս այդ մշակույթը ձեւավորված չէ, որ տեղի բարեգործները զարգացման ծրագրերին, հ/կ-ներին աջակցեն, նրանք իրենց հ/կ-ներն ունեն եւ իրենց համար են դա անում, իսկ հ/կ-ների մեծ մասը գործունեության համար փնտրում են միջազգային դոնորներ»,- ասում է Ս. Թադեւոսյանը:

Մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդկանց հարցերով զբաղվող «Փրկություն» հ/կ-ի տնօրեն Արփինե Աբրահամյանը նույնպես փաստում է, որ դրամաշնորհները սկսել են պակասել, եւ եթե տրվում են, ապա հիմնականում դասընթացների, վերապատրաստումների համար: Մինչդեռ, նրա կարծիքով, դրամաշնորհը կարող էր լինել լիարժեք ծառայություն մատուցելու համար, որը կարող էր տալ որակյալ արդյունք:

Արփինե Աբրահամյանի համոզմամբ՝ ներկայումս հ/կ-ների դաշտը անվերահսկելի է, ինչի հետեւանքով դաշտում ռեալ աշխատող կազմակերպությունները տուժում են. «Մեր երկրում շատ հ/կ-ներ կան, որոնց կանոնադրության մեջ կոնկրետ նշված է հաշմանդամ բառը, բայց իրականում այդ հ/կ-ների 10%-ն է աշխատում՝ ծառայություն մատուցում եւ կարողանում ինչ-որ բանով աջակից լինել ընտանիքին, այդքան մեծաքանակ հ/կ-ների առկայությունն այսօր խանգարում է ռեալ աշխատող կազմակերպություններին»:
Տիկին Աբրահամյանի պատմելով՝ քանի որ հ/կ-ն ինքն է հայթայթում իր ֆինանսական միջոցները, երբ դիմում են այս կամ այն կառույցներին, առաջին իսկ արձագանքը լինում է՝ «Դուք գիտե՞ք, թե օրը քանի կազմակերպությունից են զանգում հաշմանդամի համար»:
Այս խնդիրը լուծելու համար «Փրկության» ղեկավարը դիմել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին՝ առաջարկելով դաշտը վերահսկել. «Թե չէ՝ ստացվում է, որ մրցակցության արդյունքում ոչինչ չի արվում հօգուտ հաշմանդամություն ունեցող մարդու»:

Մասնագետը կարծում է, որ հ/կ-ի գործունեության համար առաջին պայմանը պետք է լինի ճշտելը՝ արդյոք կազմակերպությունն ունի՞ տարածք, եւ որտեղի՞ց են գոյանում նրա ֆինանսական միջոցները: Տիկին Աբրահամյանի համոզմամբ՝ նման պահանջներ սահմանելու դեպքում կկրճատվեն այնպիսի հ/կ-ների գործունեությունը, որոնք, ասենք՝ բնակարանում են գործունեություն ծավալում:

Մեր զրուցակիցները գտնում են, որ հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող հ/կ-ների լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է պետություն-հ/կ համագործակցությունը:

«Պետություն ասվածը ոչ միայն տվյալ ոլորտը համակարգող նախարարությունն է, այլ նաեւ ՏԻՄ-երը: Կարեւորը, որ նրանք ճիշտ գնահատեն տվյալ հ/կ-ի մատուցած ծառայության անհրաժեշտությունը, արդյունավետությունը, ինչպես նաեւ որակը»,- ասում է տիկին Աբրահամյանը: Վկայակոչելով զարգացած երկրների փորձը՝ Ա. Աբրահամյանը նկատում է. «Շատ երկրներում պետությունը հ/կ-ներին պատվիրում է ծառայություն, եւ լիարժեք վճարում այդ ծառայությունների համար: Այսինքն ՝ հ/կ-ն ապահովում է տարածք, գույք եւ տեխնիկա, լավագույն մասնագետներ, իսկ պետությունը ապահովում է մնացած ծախսերը, ինչն անհրաժեշտ է մնացած գործառույթներն իրականացնելու համար»:

Սուսաննա Թադեւոսյանի խոսքերով՝ այսօր այս ուղղվածությամբ հ/կ-ների համար խնդիր է նաեւ մասնագետների պակասը՝ հատկապես մարզերում, տրանսպորտի եւ ջեռուցման հարցերը. «Երեխայի հետ աշխատանքի համար կարիք կա հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի կամ այլ նեղ մասնագետի, շատ լուրջ խնդիր է, եւ միայն հ/կ-ները չեն, որ այս խնդրին բախվում են, իմ կարծիքով՝ պետությունն առաջին հերթին: Հաշմանդամություն ունեցող երեխայի հետ դիլետանտի մակարդակի աշխատանք չի կարելի տանել, պետք է կարողանաս ծառայությունը որակյալ մատուցել երեխաներին: Ընտանիքում եղած աղքատությունը, որը հնարավորություն չի տալիս կազմակերպություններին որոշակի աջակցություն ակնկալել ընտանիքից, թեկուզ անդամավճարների տեսքով այն ընտանիքներից, որոնցից հավաքված գումարով գոնե նվազագույն որոշակի խնդիրներ լուծվեն: Այդ աղքատության պատճառով երեխաներին մատուցվող ծառայությունների համար ընտանիքը պետք է գա հասնի այն գործունեության վայրը, որտեղ գտնվում է կազմակերպությունը, որ էլի հաճախ չենք կարողանում իրականացնել: Երեխայի հետ աշխատանքի շարունակականությունն այդ առումով շատ դժվար է լինում»:

Այդուհանդերձ, տիկին Թադեւոսյանը մեծ ձեռքբերում է համարում, որ իրենց կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ-ում սկսվել է ներառական կրթությունը եւ դարձել պետական քաղաքականություն:

Արփինե Աբրահամյանի կարծիքով՝ կազմակերպության մասին պետք է դատել նրա կատարած գործով, անցած ճանապարհով. «Մենք ծառայությունը սկսել ենք 12 շահառուների հետ, այսօր արդեն 67-ն են, որը խոսում է ծառայության որակի եւ արդյունքի մասին: Հասել ենք նրան, որ մտավոր խնդիր ունեցող մարդը պետք է ապրի ընտանիքում, ձեռքբերում են՝ նրանց պատրաստած աշխատանքները. երբ դու հասարակությանը կարողանում ես ապացուցել, որ ամենածանր խնդիր ունեցող մարդու հետ աշխատելը պարտադիր արդյունք կտա»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031