Սյունիքի մարզի Գորիսի դատարանն ամբաստանյալ Հարութ Արամայիսի Մարությանին դատապարտեց 100 հազար դրամի չափով տուգանքի:
Նա իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ տուժող Ա. Տոռոզյանի տուն չի մտել:
Նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ըստ ամբաստանյալի, սխալ են, եւ դրանցից ամբողջությամբ հրաժարվել էր: Ամբաստանյալն ասել է, թե «Ա. Տոռոզյանի նկատմամբ որեւէ զգացմունք չունի եւ նրա տուն չի մտել», իսկ նախաքննության ընթացքում ամբաստանյալը ցուցմունք էր տվել, քանի որ գիտեր, թե «ինչ մեղադրանք է իրեն առաջադրվել, եւ փորձել է այդ կերպ պաշտպանվել»:
Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալը հաճախակի բանջարեղեն վաճառելու ժամանակ հանդիպել է տուժողին, ամեն հանդիպման ժամանակ զգացել է, որ նա իրեն դուր է գալիս, եւ վերջինիս փողոցում հաճախակի բանջարեղեն վաճառելը պայմանավորված է եղել նրանով, որ հանդիպի եւ տեսնի նրան:
Համակրել է Արմինեին, իրենց շփումները վեր են ածվել զգացմունքի:
Ըստ գործի նյութերի՝ 2014թ. օգոստոսի 18-ին հերթական անգամ ձմերուկ եւ սեխ է վաճառել Արմինե Տոռոզյանին: Այդ հանդիպման ժամանակ վերջինս իրեն հայտնել է, որ ծնունդ է գնալու ու տանը չի լինելու: Իր մոտ ցանկություն է առաջացել գնալ ու տեսնել նրան, քանի որ, իր կարծիքով, Արմինեն իր զգացմունքների մասին տեղեկանալով, հնարավոր է, որ դրական վերաբերվեր: Գնալով վերջինիս տան մոտ՝ փորձել է ստուգել՝ տա՞նն են, թե՞ ոչ: Նկատելով, որ դուռը փակ է, իր մոտ ցանկություն է առաջացել մտնել տուն եւ վերցնել Արմինեի լուսանկարներից որեւէ մեկը՝ հիշատակ պահելու համար: Քանի որ ուշ ժամ էր եւ արդեն մութ էր, տեսնելով, որ շրջապատում մարդ չկա, մոտեցել է նրա պատշգամբին, բարձրացել եւ մտել է պատշգամբ, ապա հրել է դուռը եւ տեսնելով, որ այն բաց է, մտել է տուն:
Նախաքննության մարմինը «պարզել էր», որ «Լուսանկարը փնտրելու նպատակով ամբաստանյալը մտել է ննջարան: Տեսնելով, որ դարակների վրա լուսանկար չկա, բացել է ննջասենյակում գտնվող պահարանի դարակները ու սկսել լուսանկար փնտրել: Այդ ընթացքում ձայներ է լսել, շփոթվել է եւ, չիմանալով ինչ անել, թաքնվել է մահճակալի հետեւում»: Տուժողը հայտնել էր, որ մտել է սենյակ, վառել լույսը եւ հայտնաբերել ամբաստանյալին. «Հանկարծակիի գալով՝ փախչել է իր կողքով ու դարպասից դուրս գալով՝ հեռացել»:
Ամբաստանյալը զղջացել էր նախաքննության ժամանակ կատարածի համար եւ խնդրել էր ներել: «Արմինեի դարակները բացել եմ միայն նկար փնտրելու նպատակով»,- ասել էր նա:
Ամբաստանյալ Հ. Մարությանի ցուցմունքները հրապարակվել են դատարանում:
Պատասխանելով կողմերի հարցերին՝ նա հայտնել է, որ վերոնշյալ ցուցմունքն ինքն է գրել՝ պաշտպանի մասնակցությամբ, սակայն այն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Ա. Տոռոզյանն իրեն տանը չի տեսել, ամեն ինչ եղել է այլ կերպ: Դեպքի օրը Ա. Տոռոզյանի տան փողոցում ինքը բանջարեղեն է վաճառել, աղջիկն ասել է, որ երեկոյան տանը չի լինելու: Ինչ վերաբերում է լուսանկար փնտրելու հանգամանքին, ապա այդպես է ասել, քանի որ իրեն գողություն կատարելու մեջ էին մեղադրում:
Ինչ վերաբերում է պատշգամբով տուն մտնելուն, մահճակալի հետեւը թաքնվելուն, «գրառումները կատարվել են իր մտքերից, սակայն դա իրականություն չէ, քանի որ Ա. Տոռոզյանի տան պատշգամբը բարձր է, եւ հնարավոր չէ այնտեղ բարձրանալ»:
«Առավոտ» օրաթերթ
27.01.2015