Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել են՝ փասափուսեդ վերցրու, գնա Հայաստան»

Հունվար 28,2015 14:00

Խորհրդի նախագահը՝ ազդեցիկ բարեկամ
ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի դոկտորականի մասին

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հրապարակել է այս տարի իր կողմից բեկանված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը՝ հունվարի 19-ի դրությամբ: Դրանց թիվը 9-ն է, անցյալ տարի 128 աշխատանք էր բեկանվել կամ վերադարձվել, ընդ որում՝ 13-ը բժշկության ոլորտից, որոնցից 3-ը դոկտորական աշխատանք է եղել:

Փետրվարի 13-ին Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տեսական բժշկության-026 խորհրդում պատրաստվում է դոկտորական ատենախոսություն պաշտպանել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դասախոս, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր դատական բժիշկ Մհեր Բիշարյանը (լուսանկարում): Նրա «ՀՀ ազգաբնակչության ստոմատոլոգիական ստատուսի առանձնահատկությունների ուսումնասիրությունը անձի նույնականացման նպատակով» դոկտորական ատենախոսությանն «Առավոտը» մեկ անգամ անդրադարձել է. անցյալ տարվա նոյեմբերի 5-ին հեղինակն այն պետք է պաշտպաներ Մոսկվայում, բայց, չգիտես ինչու, իր դիմումի համաձայն հրաժարվել էր:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՌԴ նախագահ Պուտինի հրամանով խստացվել են պաշտպանությունների չափանիշները, եւ գրագողությունները կանխելու համար ստեղծված փորձագիտական խորհուրդը հատկապես ուշադիր է այլ երկրներից «եկած» դոկտորական ատենախոսությունների հանդեպ:

Մեր առաջին հրապարակումից հետո «Առավոտը» մոսկվացի մի խումբ գիտնականներից նամակ ստացավ, որի հեղինակները պնդում էին, թե Բիշարյանի դոկտորական ատենախոսությունը արտագրված է կամ ստեղծված է երեք հեղինակների ատենախոսությունների հիման վրա (1. «Идентификация личности по особенностям строения языка при гнилостной трансформации и мумификации. Седнева, Ольга Алексеевна, Москва, 2006,, 2. «Установление давности смерти по  анатомо-топографическим особенностям и электронно-парамагнитным спектрам языка, Агаханян, Андраник Александрович, Москва. 2004, 3. «Исследование анатомо-топографических особенностей зубов и зубных рядов ряда народностей Дагестана для идентификации личности, Саидов Марат Тажудинович, Москва. 2004): Պրոֆեսորները «Առավոտին» գրել էին. «Իմանալով, որ մեր հայրենակից Բիշարյան Մհերը պատրաստվում է պաշտպանել իր պլագիատը, մենք կարեւոր համարեցինք այդ մասին ՌԴ նախագահին եւ ՌԴ ԲՈՀ-ին, ՌԴ կրթության եւ գիտության նախարարությանը նամակով տեղեկացնել, պատասխան ստացանք, որ կուսումնասիրվի հարցը, ինչի արդյունքում ատենախոսության պաշտպանությունը չկայացավ, իսկ Բիշարյանին հուշեցին, որ անաղմուկ հեռանա: Դրանից հետո Ռուսաստանում ապրող հայ գիտնականները հանգստացան»: Նամակագիրները նշում էին, որ եթե Ռուսաստանի նման անծայրածիր երկրում կարողանում են հետեւել գիտական աշխատությունների որակին, մի՞թե նույնը չի կարելի անել Հայաստանի նման փոքր երկրի դեպքում:

«Առավոտը» Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 026 խորհրդի նախագահ Արտաշես Ազնաուրյանից հարցրեց՝ իբրեւ խորհրդի նախագահ, հետաքրքրվե՞լ են, թե ինչու Մհեր Բիշարյանի ատենախոսության պաշտպանությունը չի կայացել Մոսկվայում: «Մոսկվայում ստացել են անոնիմ նամակ, բայց աշխատանքի վերաբերյալ ոչ մի բան գրված չի եղել՝ լավ աշխատանք է, թե վատ, միայն իր մասին էին գրում, որ իր փեսան (Հովհաննես Հովսեփյան-Գ. Հ.) նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավարն է, ես ինքս չեմ հետաքրքրվում նման բաներով, ինձ աշխատանքն է հետաքրքրում: Ես կանչել եմ Մհեր Բիշարյանին, խնդրել եմ բերել բոլոր նյութերը, մանրամասները, բացի ինձանից՝ կանչել եմ մեր խորհրդից երեք հոգու, էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ, իր նյութերը ստուգող հանձնաժողովի նախագահին: Միասին նայեցինք, շատ հետաքրքիր, պրակտիկ նշանակություն ունեցող աշխատանք է: Ինքն ասաց՝ ոսկե մեդալով եմ դպրոցն ավարտել, մեկ քննությամբ ընդունվել ինստիտուտ, էդ ժամանակ իմ փեսան կա՞ր, չկար, չէ՞: Ասում է՝ ինչո՞ւ են հաջողություններս կապում փեսայիս հետ»,- պատմեց խորհրդի նախագահը:

Մեր հարցին՝ հնարավոր չէ՞ Դաղստանում կամ Մոսկվայում պաշտպանած մեկի դիսերտացիայից օգտվեն, ու դա չպարզվի: «Մոսկվայում էդպիսի բան բացառված է, էնտեղ իդենտիֆիկացիայի մասին է խոսք գնում հայ ազգի ատամների, լորձաթաղանթի եւ այլնի ձեւով, հիմա պատերազմ է, կատաստրոֆիկ բաներ են լինում, դիակներ են հայտնաբերվում, պետք է իմանան՝ ո՞վ է, ի՞նչ է»,- ասաց Ազնաուրյանը:

Մեր զրուցակցին հարցրինք՝ ստացվում է, որ ատենախոսության հեղինակն իր աշխատության վրա աշխատելիս հարյուրավոր մարդկային լեզուներ է օգտագործել (սեղմագիրը՝ լեզուների նկարներով, բժշկական համալսարանի կայքում է), արդյոք չի՞ չարաշահել իր պաշտոնը եւ դիակների լեզուները օգտագործել իբրեւ նյութի աղբյուր՝ առանց հարազատների կամ իր ղեկավարած հիմնարկի գիտության, եւ հարցը դիտարկվե՞լ է էթիկայի հանձնաժողովում: «Ես էլ իրեն հարց ունեի՝ ի՞նչ ձեւով է այդ ամենն արվել: Ասաց, որ ընդամենը գիպսով հետքեր են վերցրել: Ես էլ էի մտահոգված՝ ո՞նց են արել, ո՞նց են վերցրել, ինքը լայն բացատրեց, կոմպյուտերը բերեց, ու ամբողջ նյութերը մի քանի հոգով իմ առանձնասենյակում նայեցինք: Ես հավանեցի աշխատանքը եւ իր բացատրությունները, միայն մի հարց կա՝ որ նա պետք է ռուսերեն պաշտպանի»,- նշեց մասնագիտական խորհրդի նախագահը:

Մեր պնդմանը՝ փաստորեն իր կարծիքով՝ անստորագիր նամակի պատճառո՞վ է հօդս ցնդել Մհեր Բիշարյանի մոսկովյան պաշտպանությունը, պարոն Ազնաուրյանը պատասխանեց. «Ասել են՝ Մոսկվայում ատեստացիոն հանձնաժողովում խառն է, ասել են՝ գրել են քո վրա, դու էլ ռուս չես, հայ ես, տարիներով կձգվի պաշտպանությունդ, ավելի լավ է փասափուսեդ վերցրու, գնա Հայաստան..»:

Հետաքրքրվեցինք, թե ո՞վ է հոգալու հրավիրված մասնագետների ծախսերը, քանի որ գիտական խորհրդատուն եւ պաշտոնական ընդդիմախոսները «դրսից» են՝ գիտնականներ Ռոմոդանովսկին, Գեդիգուշեւը, Երոֆեեւը: Ազնավուրյանն ասաց, որ նրանց ծախսերը հոգալու է Մհեր Բիշարյանը. «Համալսարանն ի վիճակի չէ նման բաներ անել: Հուլիս ամսին իմ տղան, որ Մոսկվայի առաջին բժշկական համալսարանի դոկտորանտ էր, իր ղեկավարի հիվանդանալու պատճառով այստեղ պաշտպանեց: Մի օպոնենտ եկավ, ծախսերը մենք տարանք: Համալսարանը ոչինչ չի անում, միայն դիսերտանտն է անում»,- ասաց խորհրդի նախագահը:

Հավելենք, որ նախորդ անգամ պարոն Բիշարյանից եւս փորձել էինք մեկնաբանություններ ստանալ, թե դիսերտացիայի առաջնային նյութը որտեղի՞ց է հավաքել, ո՞ւմ թույլտվությամբ, արդյոք աշխատելով դատաբժշկական գիտագործնական կենտրոնում՝ առանց հարազատին տեղյակ պահելու կարելի՞ է դիակների օրգաններն օգտագործել: Մհեր Բիշարյանը հրաժարվել էր մեր հարցերին պատասխանել, իսկ ավելի ուշ խորհուրդ էր տվել բոլոր հարցերով դիմել Մոսկվայի բժշկաստոմատոլոգիական համալսարան:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Доброе утро. Очень интересная статья.
    “Уважаемый” профессор Азнаурян, исходя из статьи, получается, что можно просто взять из архивов, библиотек, интернета несколько диссертаций, “склеить” их, приехать в Армению, в мед.университет и стать кандидатом или доктором…Главное, чтобы все было схвачено, и за все заплачено! Прекрасная страна Армения: все можно купить…даже науку! Молодец Азнаурян, прости, что слово уважаемый в кавычках, по другому не получается. А Бишарян молодец, так держать” Главное все схвачено и за все оплачено. Как вообще земля выносит таких “умников”, ну понятно…племянник Ехине Бишарян.

  2. david says:

    Նորություն չէ:Ու*մ հայտնի չէ, որ հայոց մեջ գիտական կոչումը և իլյուզիան երկվորյակներ են, փողը կամ խոշոր եղջերավոր հովանավորը կնքահայրեր:Կոչումներով բութիզմը չի վերանում, այլ ավելի է խորանում:Մի տարվա մեջ մարդիկ գիտնական են դառնում միայն մոզգերի կղզում:Եզակի բացառություն ես երկու մարդու գիտեմ, որ 15 և 12 տարի է պահանջվել մինչև դարձել են գիտության թեկնածուներ առանց եղջերավորի և ոչնչի:Կոչումը ծաղրածուի գդակ է հայոց գլուխներին:

  3. Александр Оганесян says:

    Дэвид Вы прокомментировали фотографию или саму статью…хотя какая разница – к обоим случаям это подходит! БИНГО!

  4. Saakyan says:

    Հարգելի Գոհար Հակոբյան
    Շատ հետաքրքիր և արդիական նյութ եք հրապարակել արդեն երկրորդ անգամ: Բայց ասեմ Ձեզ, որ դա ուղղակի «ձայն բարբառո անապատի»: ՀՀ-ում կրդությունը, գիտությունը, կոչումները կարող ես գնել և վերջ: Սա Ռուսաստան չէ, և նախագահն էլ Պուտինը չի:
    Հարց՝ ում՞ հաշվին է կատարվել աշխատանքը:
    Էթիկայի հանձնաժողովը կատարել է հիմքերի ստուգում: Արդյոք՞ սեղմագրի և եղած տվյալները համապատասխանում են, թե ոչ:
    Պարոն Բիշարյանի պատասխանը – Գնացեք Մոսկվայում ստուգեք…: Ինքն իր աշխատանքից տեղյակ չէ…:
    Պարոն Ազնաուրյան հասկանալի է, որ դուք բավականին մեծ տարիք ունեք, իսկ այսօր 21 դարն ե և համակարգչով ամեն ինչ կարելի է և գրել և նկարել և ապացուցել, բայց…
    Եվ վերչին հարցը «գերազանցիկ» Բիշարյանին – ձեզ որտեղից այդքան գումար, որ դուք կարողանում եկ երկու ընդիմախոս Մոսկվաից Երևան բերել, պահել, ճանապարել և իհարկե այդ մարդկանց լավության տակիցել դուրս գալ… ԴԲԳԳԿ-ի տնօրենը փաստորեն լավ փողա բերում…
    Ամեն դեպքում Ձեզ հաջողություն եմ ցանկանում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031