Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիգը՝ «պուճուր մարդու» մասին

Հունվար 28,2015 13:30

Արձակագիրն իր ասելիքը միայն ցավի ու գորշության մեջ չի տեսնում

Վերջին շրջանում հոլովվում է երիտասարդ արձակագիր Գրիգի (լուսանկարում) անունը, որը դեռ չունի հրատարակած գիրք եւ հանդես է գալիս հիմնականում գրական կայքերում, «Գրական թերթում», 3 անգամ էլ հաղթող է ճանաչվել «Գրեթերթի» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն պատմվածք» անվանակարգում: Գրիգի ստեղծագործությունների մասին խոսելիս մասնագետների մեծ մասը նշում է, թե գրականության մեջ նորություն չէ «փոքր մարդուն» ներկայացնելը, բայց ի տարբերություն Նար-Դոսի, Զարյանի, Չեխովի, Պուշկինի եւ այլ ճանաչված հեղինակների՝ հայ երիտասարդ արվեստագետի երկերում «փոքր մարդիկ» կարողանում են բարոյապես հաղթող դուրս գալ:

Այս դիտարկմանն ի պատասխան՝ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ մեր զրուցակիցը ճշգրտում մտցրեց, որ իր ստեղծագործությունների հերոսները ոչ թե «փոքր» են, այլ «պուճուր մարդիկ» են, որոնք ողջ քաղաքական, կրոնական, սոցիալական եւ այլ բնույթի խառնաշփոթի մեջ պարզապես ոչնչանում են: Արվեստագետը հավելեց նաեւ, թե իր գերխնդիրը դիտակետում «պուճուր» մարդուն մշտապես պահելն է ու ներկայացնելը:
Գրիգին հայտնեցինք նաեւ, թե ըստ որոշ կարծիքների՝ իր ստեղծագործությունների, այդ թվում՝ «Պուճուր մարդը», «Նկուղը» եւ այլն, հերոսները՝ «պուճուր մարդիկ», ընդհակառակը՝ «մեծ» են երեւում: Այս առիթով արձակագիրն ասաց. «Իմ հերոսները հասարակության համար են պուճուր, նրանք սովորական անտուն բոմժեր են, իսկ իրականում՝ մեծ մարդիկ: Օրինակ՝ «Պուճուր մարդը» պատմվածքիս հերոսը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտած մասնագետ է, որը սոցիալական ծանր պայմանների պատճառով ապրում է Լամբադա կամրջի տակ: Հերոսս նկարում է մաքուր ամպեր… Տեւական ժամանակի ընթացքում ընդամենը մեկ գնորդ է հայտնվում… Պատմվածքի ավարտին հերոսս փորձում է երկնքից թափվող ձյունը հետ ուղարկել՝ այն մաքուր պահելու նպատակով, որպեսզի չնստի գետնին ու կեղտոտվի, որովհետեւ այս քաղաքը իրեն ու իր նմաններին արդեն կեղտոտել է: Իսկ «Նկուղում» հերոսներիցս մեկը նույնիսկ արտահայտվում է, թե քաղաքը մարդասպան է…»:

Հարցին, թե որտեղի՞ց այսչափ նեգատիվ երիտասարդ գրողի մոտ, մեր զրուցակիցը հարցով պատասխանեց. «Ի՞նչ է, դուք քաղաք դուրս չե՞ք գալիս, հերոսներիս չե՞ք հանդիպում հանրային վայրերում, ասենք՝ օպերայի, Կասկադի շրջակայքում…»:
Գրիգը տեղեկացրեց, թե շուտով կտպագրվի իր շուրջ 5 տարիների գրական արգասիքը համարվող «Հիսուսի կատուն» խորագրով 20 պատմվածքների ժողովածուն, որտեղ կարելի է ծանոթանալ իր մյուս «պուճուր մարդկանց»՝ այնպես, ինչպես իրենք կան, առանց որեւէ բան պակասեցնելու կամ ավելացնելու: Ասաց նաեւ, թե ամեն օր քաղաքում շրջելիս ստիպված է հանդիպել, իր խոսքերով՝ սովորական անտունների, ու ցավ է ապրում, ինքն իրեն ասելով. «Համոզմունք է դարձել այդ տիրող մռայլությունը, որ կա մեզանում, ոչ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ ցավ եմ ապրում, որ պատմվածքներիս հերոսները հորինված չեն»:

Հարցին, թե չի՞ կարծում, որ կգա մի օր, որ իր հերոսները կձերբազատվեն գորշությունից, թե՞ ինքը երդվյալ վատատես է (նման կարծիքներ էլ կան գրողի մասին), Գրիգը պատասխանեց. «Ես այն մարդկանց դասին չեմ պատկանում, որ իրենց ասելիքը միայն ցավի ու գորշության մեջ են տեսնում: Ճիշտ հակառակը՝ ներկայացնելով հերոսներիս, որոնց թվում նաեւ ես եմ ու ինձ նմանները, համոզված եմ, որ կգա մի օր, որ լույսի շող կնշմարվի…»:
Հետաքրքրությանը, թե ոչ մի տեղ չենք հանդիպում գրողի իրական անուն-ազգանվանը, արձակագիրը պատասխանեց. «Իմ դեպքում կեղծանունով ներկայանալն իր պատճառներն ունի. մանկուց բոլորը, այդ թվում՝ ծնողներս, ինձ դիմել են անվանս կրճատ տարբերակով՝ Գրիգոր-Գրիգ: Երկրորդը՝ Գրիգը իր սեղմությամբ եւ հնչեղությամբ, իմ կարծիքով, ավելի մտերմիկ դաշտ է ստեղծում նաեւ ընթերցողներիս հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Գրիգի պատմվածքները լուսավո՜ր են…Չճանաչող մարդն էլ կտեսնի հերոսի ու հեղինակի լույսը բոլոր գործերում՝անգամ Ադադայում; Սիրում եմ պուճուր մարդուն:

  2. Թագուհի says:

    Հետաքրքիր ու կարևոր անդրադարձ էր, շնորհակալություն առավոտ էյէմին:
    Գրիգ, մենք՝ ընթերցողներդ անհամբեր սպասում ենք Հիսուսի կատվին ու հաջորդ գրքերին ))

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031